Քննարկվել է ԵՄ հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

Քննարկվել է ԵՄ հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է ավիացիոն ոլորտին վերաբերող նոր օրենքի նախագիծ, որը բխում է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրից և ուղղված է ոլորտի կարգավորման արդիականացմանը։ Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021-ին:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, հայտնում է 1lurer.am-ը:

«Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և դիրեկտիվներին։

Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին՝ սահմանելով պահանջներ օդանավ շահագործողների, թռիչքային և սպասարկող անձնակազմերի, ինչպես նաև ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության համար։

Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը և ընդունել նոր, համապարփակ կարգավորում նախատեսող իրավական ակտ, որը կհստակեցնի ոլորտի սուբյեկտների միջև ապահովագրական հարաբերությունները և կսահմանի նվազագույն ապահովագրական շեմեր՝ համահունչ եվրոպական չափանիշներին։

Փոփոխությունների մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները։

Նախագիծը ներառել է նաև պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի լուծման ընթացակարգերը և այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա այն տարածվելու է։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---