ՀՀ-ից 5500 վարդ է արտահանվել Լատվիա․ ԵՄ-ն խոստանում է աջակցել

ՀՀ-ից 5500 վարդ է արտահանվել Լատվիա․ ԵՄ-ն խոստանում է աջակցել

PanARMENIAN.Net - Հայաստանից Լատվիա է արտահանվել տարբեր տեսակների 5500 վարդ։ Oդանավակայանի բեռնային համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ Լատվիա իրականացվող արտահանումը կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը։

«Այս շատ կարևոր առիթով մենք իրականացնում ենք հայկական ծաղկի արտահանում դեպի Եվրոպական միություն՝ Լատվիա։ Եվրոպական միությունն աջակցում է հայկական տնտեսությանը՝ դիվերսիֆիկացնելու իր առևտրի շուկաները։ Սա շատ կարևոր գործընթաց է դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է նաև շուկաների դիվերսիֆիկացման հարցում»,- ասել է Մարագոսը, հայտնում է Արմենպրեսը:

Նա հիշեցրել է, որ վերջերս անցկացված ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում։ Դեսպանի խոսքով՝ Եվրոպական միությունը մի քանի տարի շարունակ աջակցել է հայկական բիզնեսին, իսկ այժմ այդ համագործակցությունն անցել է նոր փուլ, երբ հայկական արտադրանքը հնարավորություն է ստացել ավելի մեծ ծավալներով մուտք գործել եվրոպական շուկաներ։

«Մենք ուրախ ենք տեսնել ընկերությանը, որը հրաշալի վարդեր է արտադրում և արտահանում եվրոպական երկրներ։ Լատվիայի դեսպանի, Հայաստանի իշխանությունների և մեր գործընկերների հետ միասին աջակցում ենք այս գործընթացին»,- նշել է նա։

Մարագոսը նաև անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում։

«Այսօր ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունը կարող է աջակցել Հայաստանին՝ ընթացիկ ճնշումներին դիմակայելու առումով։ Մենք աջակցելու ենք այն բոլոր գործողություններին, որոնք Հայաստանի կառավարությունը ձեռնարկելու է այդ ճնշումները մեղմելու համար»,- ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր հերթին նշել է, որ արտահանման առաջին խմբաքանակի առաքումը խորհրդանշական և կարևոր քայլ է Հայաստանի ու Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից։

«Այսօր մենք իրականացնում ենք առաջին խմբաքանակի արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սա շատ կարևոր ձեռքբերում է և ցուցադրում է համերաշխությունը, համագործակցությունը և տնտեսական հարաբերություններում Եվրոպական միության հետ համագործակցության ինտենսիվացումը»,- ասել է Սաֆարյանը։

Նա նաև ընդգծել է, որ այս գործընթացը համընկել է Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկի հետ, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Փոխնախարարի խոսքով՝ նախկինում հայկական վարդերի արտահանումը դեպի Լատվիա իրականացվել է Վրաստանի տարածքով, մինչդեռ ներկայիս ձևաչափը նոր հնարավորություններ է ստեղծել հայկական գործարարների համար։

«Հայաստանի բիզնեսների, հատկապես ձեռներեցների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը»,- նշել է նա։

Սաֆարյանը կարևորել է նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 50 միլիոն եվրոյի աջակցության ծրագիրը։

«50 միլիոն եվրոյի աջակցությունը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ Նման նախաձեռնությունները նպաստում են տնտեսության զարգացմանը և օգնում Հայաստանին ավելի արագ զարգացնել իր տնտեսությունը։ Սա դեռ սկիզբն է, և մենք հույս ունենք, որ հայկական ծաղիկները ճանապարհ կհարթեն եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու համար»,- ասել է նա։

Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն նույնպես նշել է, որ վերջին ամիսներին հայ-լատվիական հարաբերություններում նկատվել է ակտիվացում։

Նրա խոսքով՝ մայիսի սկզբին Հայաստան են այցելել Լատվիայի նախագահը և արտաքին գործերի նախարարը, իսկ այժմ քաղաքական աջակցությանը հաջորդել են գործնական նախաձեռնությունները։

«Վերջին ամիսը քաղաքական աջակցության մասին էր, իսկ այս ամիսն արդեն վերաբերում է գործնական աջակցությանը»,- նշել է դեսպանը։

Նա կարևորել է նաև Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն ոչ միայն զբոսաշրջության, այլև գործարար կապերի զարգացմանը։

«Ուղիղ չվերթները հնարավորություն կտան եվրոպացի գործարարներին այցելել Հայաստան, ծանոթանալ երկրի տնտեսական հնարավորություններին և մշակույթին»,- ասել է Մեդնեն։

Դեսպանը հավելել է, որ Լատվիայի պատվո հյուպատոսը Հայաստանում կարևոր դեր է ունեցել արտահանման գործընթացի կազմակերպման հարցում և հույս է հայտնել, որ առաջիկայում Լատվիա կուղարկվեն նաև հայկական արտադրանքի նոր խմբաքանակներ։

«Լատվիան, որպես Եվրամիության անդամ պետություն, հպարտ է աջակցել Հայաստանի ժողովրդին»,- ընդգծել է նա։

«Մուլտիֆուդ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Աթանեսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի և լատվիացի գործընկերներին հայկական արտադրանքի արտահանմանն աջակցելու համար։

Նրա խոսքով՝ առաջին խմբաքանակներն արդեն հասել են Եվրոպա, իսկ ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։

«Մենք հույս ունենք, որ հնարավորություն կունենանք արտահանել նաև Եվրոպական միության այլ երկրներ։ Օրինակ՝ Նիդեռլանդներ, որտեղ գտնվում են աշխարհի ամենախոշոր ծաղկային աճուրդային կենտրոնները»,- ասել է նա։

Վասիլիս Մարագոսը հավելել է, որ Լատվիան հայկական ծաղիկների համար միակ ուղղությունը չէ, և արդեն աշխատանքներ են իրականացվում Նիդեռլանդների հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով։

«Անցյալ տարվանից աջակցում ենք հայկական արտադրանքի արտահանմանը, այդ թվում՝ հայկական կոնյակի և այլ արտադրատեսակների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը»,- նշել է ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը վերջերս հայտարարել է նաև նոր դրամաշնորհային ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել հայկական մասնավոր հատվածին՝ բարձրացնելու արտադրանքի որակը, զարգացնելու արտադրական շղթաները և ընդլայնելու արտահանման հնարավորությունները եվրոպական շուկաներում։

Մարագոսը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է համագործակցել Հայաստանի կառավարության և արտահանող ընկերությունների հետ՝ նոր շուկաների բացահայտման, ինչպես նաև հայկական և եվրոպական բիզնեսների միջև գործընկերային կապերի ամրապնդման ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք օգնել հայկական ընկերություններին գտնել իրենց տեղը եվրոպական մեծ շուկայում և ստեղծել նոր հնարավորություններ հայկական արտադրանքի համար»,- եզրափակել է նա։

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղբանջարեղենային ապրանքների՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Ռուսական կողմը որոշումը հիմնավորել է ֆիտոսանիտարական խախտումներով։

Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով կհատկացնի լրացուցիչ 50 միլիոն եվրո աջակցություն։ Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն տնտեսական զարգացմանը, առևտրային կապերի և հաղորդակցությունների ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---