Պետբյուջեի եկամուտները 2025-ին կազմել են 2․886 տրիլիոն դրամ![]() 8 հունիսի 2026 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ 2025-ի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարողական, հայտնում է 1lurer.am-ը: Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը 2024 թվականի համեմատ ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 2,3 անգամ կամ 1 տրիլիոն 648․8 միլիարդ դրամով։ «Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև այսպիսով արձանագրվում է, որ 2017-ի համեմատ 2025-ի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն՝ ավելացել է մոտ 135 տոկոսով: Սա, կարծում եմ՝ շատ էական և կարևոր ցուցանիշ է»,- նշել է Փաշինյանը՝ այդ ցուցանիշի համար շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին: Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀՀ բյուջեն բոլորի ընդհանուր՝ ՀՀ ընտանեկան բյուջեն է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետբյուջեի նկատմամբ ցուցաբերի հենց այդպիսի վերաբերմունք։ «Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են, և ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, այսինքն՝ աճել 120 տոկոսով: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը, և ըստ էության 464․2 միլիարդ դրամով կամ ավելի քան 2․9 անգամ, այսինքն՝ 190 տոկոսով կապիտալ ծախսերը աճել են: Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք»,- ասել է նա: Վարչապետն արձանագրել է, որ վերջին տարիներին գրանցված բարձր տնտեսական աճի շնորհիվ տնտեսական և սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը, ներառյալ սուբվենցիոն բաղադրիչը, 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է՝ աճելով 3․5 անգամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |