Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կսահմանի ջերմատնային տնտեսությունների համար

Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կսահմանի ջերմատնային տնտեսությունների համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել ջերմատնային տնտեսություններին՝ տրամադրելով լրացուցիչ արտոնություններ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ այդ աջակցությունն ուղղված է դեպի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքով ստեղծված խնդիրների մեղմմանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին աջակցության ծրագրերի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր, հիմնվել կամ հիմնման փուլում է 91․5 հեկտար ընդհանուր մակերեսով ջերմատներ, որոնցից 34․5 հեկտարն արդեն հիմնվել է և այս տարի արտադրանք է թողարկել, հայտնում է Sputnik Արմենիան:

Եթե մինչև հուլիսի 1-ն իրականացված մոնիտորինգի արդյունքներով պարզվի, որ ջերմատունը կառուցվել է, ունեցել է գյուղատնտեսական արտադրանք և իրականացրել է վաճառք, ապա, ըստ Պապոյանի, տվյալ տնտեսավարողի վարկի համար սահմանված առավելագույն 8 տարվա ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։ Բացի այդ, սահմանված 12-ամսյա արտոնյալ ժամկետից զատ կտրամադրվի լրացուցիչ 6 ամիս՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարման համար։

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև արտահանման ուղղությունների և ծավալների վերաբերյալ վերջին տվյալները։ Նրա խոսքով՝ հունիսի 1-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, մոտ 1․8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ։ Արտահանումն իրականացվել է դեպի Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս և Ղազախստան։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքը շարունակվելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հատուկ ալգորիթմի մշակումը։ Մինչ այդ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել էր նաև Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը։Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, իսկ հուլիսի 3-ից սահմանափակվելու է խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3-ին հայտարարել է, որ կառավարությունը սուբսիդավորելու է ջերմատնային արտադրանքի արտահանումը և վերադարձնելու է ԵՄ արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի ու ծաղիկների մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսում է մեկնել ՌԴ՝ քննարկելու հայկական ծագման ապրանքների հետ կապված խնդիրները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---