Պապոյանն «Արարատցեմենտ» այցի ժամանակ կրկնել է՝ հուլիսին ժամանակավոր կառավարիչ կնշանակվի![]() 24 հուլիսի 2026 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին այցելել է Արարատի ցեմենտի գործարան, ծանոթացել արտադրության ընթացքին, առկա հզորություններին և իրականացվող աշխատանքներին։ Գործարանն ունի մոտ 1000 աշխատակից, իսկ դրա տարեկան դրվածքային հզորությունը կազմել է 1 մլն 200 հազար տոննա։ Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչ։ «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել արտադրության բնականոն ընթացքն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը։ Այցի ընթացքում նախարարը նաև ծանոթացել է գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարել դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում խախտումներ են բացահայտվել։ Հաղորդագրության համաձայն՝ 44․39 մլն դրամ արժեք ունեցող առողջարանը 2003 թվականին վաճառվել է 6․5 մլն դրամով, իսկ ընկերությունը, դատախազության տվյալներով, կեղծ փաստաթղթեր է ներկայացրել՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է հնարավոր խախտումներ՝ կապված ընդերքօգտագործման թույլտվությունների և պարտավորությունների կատարման հետ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |