ՀՀ խոշոր հարկատուների տասնյակը փոփոխվել է

ՀՀ խոշոր հարկատուների տասնյակը փոփոխվել է

PanARMENIAN.Net - 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 1․1 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից մոտ 123․8 մլրդ դրամով ավելի։

Ըստ ՊԵԿ հրապարակած ցանկի, հանքարդյունաբերական խոշոր ընկերություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ գրեթե կրկնապատկել է հարկային վճարումները՝ պետական բյուջե փոխանցելով 41․6 մլրդ դրամ։ Ընկերությունը կրկին գլխավորել է ցանկը, մինչդեռ նախորդ տարի զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը, հայտնում է Factor.am-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ Mobile Centre ապրանքանիշով։ Այն վճարել է մոտ 38․2 մլրդ դրամ հարկ, ինչը 2025 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից 5․2 մլրդ դրամով ավելի է։

Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Արդշինբանկը»՝ 33․6 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Նախորդ տարվա առաջին վեց ամիսների համեմատ բանկի վճարած հարկերն ավելացել են 5․6 մլրդ դրամով։

Ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում մեկ հորիզոնականով նահանջել է և զբաղեցրել 4-րդ տեղը։ Ընկերությունը վճարել է 31․5 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ մոտ 3․5 մլրդ դրամով ավելի։

Դիրքերը զիջել է նաև ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակոն»՝ 2-րդ հորիզոնականից տեղափոխվելով 5-րդ տեղ։ Ընկերությունը վճարել է 28․9 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից 1․5 մլրդ դրամով պակաս է։

6-րդ հորիզոնականում «Ամերիաբանկն» է՝ մոտ 22․2 մլրդ դրամ հարկային վճարումներով։ 2025 թվականի առաջին վեց ամիսների համեմատ բանկի վճարումները մոտ 750 մլն դրամով ավելացել են։

7-րդ և 8-րդ տեղերն զբաղեցրել են խաղային ոլորտում գործող ընկերությունները։ 7-րդ հորիզոնականում «Դիջիթեյնն» է՝ «TotoGaming» ապրանքանիշով։ Ընկերությունը վճարել է 17․9 մլրդ դրամ հարկ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ 6․9 մլրդ դրամով ավելի։ Ընկերության հիմնադիր-սեփականատերը Վարդգես Վարդանյանն է։

8-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտն» է, որը նախորդ տարվա համեմատ էականորեն բարելավել է իր դիրքը՝ 14-րդ հորիզոնականից բարձրանալով 8-րդ։ Ընկերության հարկային վճարումներն ավելացել են 7․7 մլրդ դրամով և ընդհանուր կազմել 17․5 մլրդ դրամ։ «Սոֆթ Կոնստրակտի» հիմնադիրն օֆշորային գոտում գրանցված «Սոֆթ Կոնսթրաքթ Լիմիթիդ» ընկերությունն է, որն առավել հայտնի է Vbet ապրանքանիշով։ Իրական շահառուներն են Վիգեն և Վահե Բադալյանները։

Դիրքային առաջընթաց է գրանցել նաև հանքարդյունահանող «Կապանի լեռնահարստացման կոմբինատը»՝ 12-րդ տեղից բարձրանալով 9-րդ հորիզոնական։ Ընկերությունը 2026 թվականի առաջին կիսամյակում վճարել է 15․7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5․4 մլրդ դրամով ավելի։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակել է «Իմվբամ» ընկերությունը՝ անվանափոխված «Վալդբերիզը»։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել էր 29-րդ հորիզոնականը։ Այսպիսով, այն 19 կետով բարելավել է դիրքը, իսկ վճարած հարկերն ավելացրել 2․6 անգամ՝ հասցնելով ընդհանուր 13․9 մլրդ դրամի։

Հարկային մուտքերի ընդհանուր աճի հիմնական մասն ապահովվել է հարկային մարմին կատարված վճարումների հաշվին, որոնք ավելացել են 120․5 մլրդ դրամով։ Մաքսային մարմին կատարված վճարումների ծավալն աճել է մոտ 3․3 մլրդ դրամով։

2025 թվականի առաջին կիսամյակում, 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերի աճը կազմել էր մոտ 85․7 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---