Երեւանում տեղի է ունեցել «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի, Էկոնոմիկայի նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով, Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:



«Հարկատու-3»-ը ենթադրում է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման ավտոմատ կառավարման համակարգ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շնորհանդեսի մասնակիցներին` բարձրաստիճան պաշտոնյաներին եւ գործարարներին, ներկայացրել է «Հարկատու-3»-ի առավելությունները: Համակարգը հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը իրենց համակարգիչներից հետեւել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին: Այն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները: «Հարկատու-3»-ում առաջին անգամ հարկ վճարողները կունենան հարկային անձնագրեր, որտեղ կարտացոլվեն նրանց հարկային «պատմությունները»: Նորացված ծրագրի միջոցով կգործի ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողի ընտրության ավտոմատ համակարգ: Արդյունքում, հարկատու-հարկահավաք հարաբերությունը բերվում է որակապես նոր դաշտ:

Համակարգը շահեկան է նաեւ պետության համար. ՀՀ ամբողջ տարածքից տվյալների անմիջական եւ միաժամանակյա մուտքագրում ՊԵԿ էլեկտրոնային շտեմարաններ` հարկատուների հետ շփման արագ եւ վստահելի միջավայրի ձեւավորում, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատում:



ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհանդեսին ներկայացրել է, որ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Սփյուռքի, Արտաքին գործերի եւ Տարածքային կառավարման նախարարությունների, Կոտայքի մարզպետարանի եւ Կառավարության աշխատակազմի միջեւ փաստաթղթաշրջանառությունն արդեն իսկ էլեկտրոնային եղանակով է կատարվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ Կառավարության աշխատակազմը ձեւավորել եւ ներդրել է էլեկտրոնային ստորագրությունը: Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ «Հարկատու-3»-ը նույնպես ծանուցումներ կտպագրի, պաշտոնական նամակներ կուղարկի այն հարկ վճարողներին, ովքեր կունենան չվճարված պարտավորություններ: 5 տարվա ընթացքում միասնական համակարգին կմիանան մյուս նախարարություններն ու մարզպետարանները:



ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ ՈւֆֆեՈւլսեն եւ ծրագրի ղեկավար Էնթնի Ջագուսը կարեւորել են էլեկտրոնային ներկա համակարգի ներդրումը որպես անհրաժեշտ քայլ միասնական էլեկտրոնային կառավարման համացանցի ստեղծման ճանապարհին:



Շնորհանդեսին հրապարակավ ներկայացվել է առաջին էլեկտրոնային հաշվետվությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---