Թուրք հանրությունը լուրջ խնդիրներ ունի Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության ընկալման հետ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում կարեւոր տեղ են զբաղեցնում երկու ժողովրդների հասարակական կապերը, որոնք երբեմն պաշտոնական հարաբերություններից ավելի բարդ են լինում»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Նրա խոսքերով, հասարակական կապերը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավելի բարդ են, քանի որ Թուրքիան միատարր երկիր չէ, այլ բնակչության շատ շերտեր ունի, որոնք բոլորն ունեն իրենց պահանջներն ու շահերը:



Ռ.Մելքոնյանն ընդգծել է, որ թուրք հանրության հիմնական խնդիրը հայ ժողովրդի հետ հարաբերություններում Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտության գիտակցումն ու ընկալումն է: Այս հարցում, ըստ նրա, թուրք հանրությունը անիրազեկ է, ինչն էլ ժխտողականության տարածման հիմնական պատճառն է ինչպես պետական համակարգում, այնպես էլ հանրության շրջանում:



Մելքոնյանը նշել է, որ թուրք հանրությունը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում կարող է բաժանվել է մի քանի խմբերի` ծայրահեղական, որոնք շատ բացասաբար են վերաբերվում կապերի հաստատմանը, չեզոք մաս, որն անտարբեր է այդ հարցի հանդեպ, սակայն հակված է ազգայնամոլութան, եւ լիբերալ մասը, որը շատ դրական է վերաբերվում այդ հեռանկարին: «Վերջին խումբը շատ փոքր է, որպեսզի հիմնվելով նրա վրա, լավատեսական կանախատեսումներ անենք»,--ասել է թրքագետը:
 Ուշագրավ
---