IFC-ն և ՎԶԵԲ-ը «Էլիտ Գրուպ»-ին 9 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել

IFC-ն և ՎԶԵԲ-ը «Էլիտ Գրուպ»-ին 9 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել

PanARMENIAN.Net - IFC-ն և ՎԶԵԲ-ը աջակցում են գործարար ենթակառուցվածքների բարելավմանը Հայաստանում: Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն միավորում է ջանքերը «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» հետ (ՎԶԵԲ)` նպաստելու Հայաստանում գործարար ենթակառուցվածքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, աջակցելով Երևանում «Էլիտ Պլազայի» առաջին բարձրակարգ բազմանպատակ գրասենյակային շենքի կառուցմանը:

IFC-ն և ՎԶԵԲ-ը համապատասխանաբար 5,4 և 3,6 մլն դոլար արժողությամբ վարկեր կտրամադրեն «Էլիտ Գրուպ»-ին` կառուցապատման բնագավառում տարածաշրջանում առաջատար ընկերություններից մեկին, կառուցելու 18 հարկանի մի շենք, որտեղ կտրամադրվեն գրասենյակային, մանրածախ առևտրի, համաժողովների և ցուցահանդեսների համար տարածքներ` բավարարելու գրասենյակային բարձրորակ տարածքների աճող պահանջարկը Հայաստանում:

Ի հավելումն երկարաժամկետ ֆինանսավորման, որը ներկայումս առկա չէ շուկայում, IFC-ն «Էլիտ Գրուպ»-ին կտրամադրի ոլորտում փորձառություն` աջակցելով ընկերության առաջին գրասենյակային շենքի նախագծի մշակմանն ու գործարկմանը` անվտանգության և բնապահպանության միջազգային ստանդարտների կիրառմամբ, դրանով իսկ սահմանելով շուկայական հենանիշ մյուս տեղական կառուցապատողների համար:

«IFC-ի ներդրումը կօգնի աջակցելու անշարժ գույքի և շինարարության ոլորտներին, որոնք կազմում են Հայաստանի տնտեսության և զբաղվածության կարևոր մաս», ասաց IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք «Էլիտ Գրուպի»-ի հետ` ստեղծելու միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ գործարար կենտրոնը»:

Այս ներդրումը այդ երկու հաստատությունների` զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման աջակցության տարածաշրջանային ռազմավարության մի մասն է:

«Սա ՎԶԵԲ-ի երկրորդ ներդրումն է «Էլիտ Գրուպ» ընկերության նախագծերում` մի ընկերության, որը մեծ նվիրվածություն է ցուցաբերում առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանն իր աշխատանքում», ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի առաջատար բանկիր Ալեքսանդր Բաբայանը: «Այս նոր գործարար կենտրոնը Հայաստանում շինարարության ոլորտում կստեղծի որակի բարձր ստանդարտների նախադեպ և կգրավի տեղական ու օտարերկրյա հաճախորդներ»:

IFC-ն ներդրումներ է կատարում Հայաստանում 2000թ. ի վեր, աջակցելով ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրականներին և հյուրանոցային ոլորտին, ի թիվս այլոց: Այն նաև իրականացնում է խորհրդատվական ծրագրեր` հզորացնելու ֆինանսական հատվածը, հիմնելու էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների կայուն շուկա և բարելավելու գործարար միջավայրը երկրում:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար ստեղծում է աղքատությունից խուսափելու և իրենց կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Խթանում է կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցմանն ուղղված ծառայություններ` գործարարներին ու կառավարությանը: Նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---