Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը

PanARMENIAN.Net - ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր Պեկինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ չինական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա Տիգրան Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ-ի վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները` հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այս այցը Չինաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան ու նոր զարգացումներ կստանան: Նա նշել է, որ տնտեսական ոլորտում կան համագործակցության լավ օրինակներ, ինչպիսին է` «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկությունը: Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ նման օրինակները շատ լինեն: Մասնավորապես, նա ընդգծել է բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը` տեղեկացնելով, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքներով այս առումով Հայաստանում առկա է բարձր որակի հումք: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնում շահագործվելու է արագացուցիչ և նախատեսվում է այս ծրագիրը դարձնել միջազգային նախագիծ: ՀՀ վարչապետը ՉԺՀ առաջին փոխվարչապետին ասել է, որ չինական կողմին է փոխանցվել առաջարկությունների փաթեթ, որը, մասնավորապես, ներառում է գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում:

Կողմերն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության խորացմանը մեծապես կնպաստի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը:

ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն ասել է, որ բոլոր ոլորտներում, թե՛ քաղաքական և թե՛ հումանիտար, առկա է սերտ համագործակցություն և չինական կողմը պատրաստ է խորացնելու դրանք: Նա հույս է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-չինական երկկողմ հարաբարությունները կբարձրանան նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՉԺՀ փոխվարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել է նաև Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---