22 օգոստոսի 2011 - 14:20 AMT
ԿԱՐԾԻՔ
Մինչև սեպտեմբերի 1-ը շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը կնվազի 50 հազար դրամով

Մինչև Գիտելիքի օրը մնացել են հաշված օրեր, և ծնողները շտապում են հնարավորինս լավ պատրաստել իրենց երեխաներին դպրոցին։ Պարզելու համար, թե ծնողները որքան գումար են ծախսում տարրական դասարանների երեխաներին դպրոցին պատրաստելու համար, PanARMENIAN.Net-ի թղթակցի կողմից հարցում է անցկացվել, որի արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը նվազում է 50 հազար դրամով։

Սկզբից խոսենք այս ոլորտում իշխող միտումների մասին։ Որպես կանոն, ժամանակակից երեխան պահանջկոտ է և ոչ մի կերպ չի ցանկանում ետ մնալ համադասարանցիներից սիրված հերոսների պատկերներով նորաոճ պայուսակի ընտրության հարցում (5000-10000 դրամ)։ Այս տարիքի տղաների համար տարածված հերոս է Spiderman-ը, աղջիկների համար՝ Winxs ակումբի փերիները։ Հարցումը ցույց է տվել, որ ծնողների մեծամասնությունը դեմ են մանկական կուռքերի տարածմանը՝ վախենալով փոքր տարիքում ֆանատիզմի զարգացումից, այնուամենայնիվ, մեծասամամբ զիջում են իրենց զավակներին։ Պայուսակում հայտնվում են տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ և այլն։ Շատ ծնողներ, միավորվելով և ընդունելով միանման տետրեր և օրագրեր կիրառելու մասին դպրոցի առաջարկը, ելք են գտել։ Ավելին, նրանցից շատերը նախընտրում են միանման դպրոցական համազգեստ կարել, որն արժե 8000-10000 դրամ, բայց առանց սպիտակ վերնաշապիկի (4000-5000 դրամ)։ Ծնողները դա բացատրում են նրանով, որ ամեն առավոտ հարկ չի լինում մտածել «ի՞նչ հագնել», երկրորդ, երեխաները նախանձով չեն նկատելու, որ նյութապես առավել ապահովված ծնողների երեխաները կրում են գերժամանակակից և թանկարժեք հագուստ։

Գրենական պիտույքները, որոնց գները սեզոնային գործոնի պատճառով բարձրացել են, արժեն. գրչատուփը՝ մինչև 1500 դրամ, օրագիրը՝ 700 դրամ, բազմագույն գրիչների հավաքածուն՝ 850 դրամ, մատիտները՝ 500 դրամ, քանոնները և ռետինները՝ 500 դրամ, մկրատները՝ 500 դրամ, գունավոր թղթերի հավաքածուն՝ 200 դրամ, պլաստիլինը՝ 450 դրամ։ Ծնողների խոսքով, տետրերի քանակը երբեմն սարսափ է առաջացնում, քանի որ յուրքանչուր առարկայից, իսկ դրանք շուրջն 10-ն են, պահանջվում է երեքական տետր (12 էջանոց 1 տետրն արժե 30 դրամ), պահանջվում են նաև ընդհանուր տետրեր ( 40 էջանոց տետրն արժե 150 դրամ, 96 էջանոցը՝ 350)։ Դրանք նույնպես պետք է շատ լինեն։ Անհրաժեշտ է ձեռք բերել կազմեր գրքերի համար (1 հատը 150 դրամ), ինչպես նաև տետրերի (1 հատը 10 դրամ)։ Անհրաժեշտ է վճարել գրքերի համար, որոնցով երեխաները սովորելու են, և դա արժե 6000 դրամ։

Եվ վերջապես էլ ինչ սեպտեմբերի 1 առանց ծաղիկների և շնորհավորանքնրի։ Բայց այստեղ էլ հնարամիտ ծնողները ելքը գտելեն և ծնողկոմիտեների ջանքերի ու անխուսափելի դրամահավաքների հաշվին (500 դրամ) ուսուցիչներին նվիրում են 2-3 ծաղկեփնջեր, ընդ որում այնպես, որ յուրաքանչուրի համար այդ ծաղկեփունջն արժենա նվազագույնը 5000 դրամ։ Ի՞նչ են ցանկանում ծնողները Գիտելիքի օրվա նախաշեմին. միայն համբերություն մեծ, բայց անխուսափելի ծախսերի պատճառով։

Վիկտորիա Արարատյան