ՀԲ-ն 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին որպես աջակցություն պետբյուջեին

ՀԲ-ն 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին որպես աջակցություն պետբյուջեին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է ֆինանսական ծրագիր, որի նպատակն է օգնել Հայաստանին պաշտպանելու իր առավել անապահով բնակչությանը, աջակցելու մարդկային կապիտալի զարգացմանը, և բարձրացնելու մրցունակությունը` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելու և կառավարումն ուժեղացնելու միջոցով: Ինչպես հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին Երևանում կայացած մամլո ասուլիսում, ծրագրի ընդհանուր գումարը 80 մլն դոլար է:

Երրորդ ԶՔԳ-ն ներառում է ՄԶԸ 50 մլն ԱՄՆ դոլար փոխառություն և ՎԶՄԲ 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: ՄԶԸ փոխառությունն ունի 25 տարվա մարման ժամկետ` 5 տարի արտոնյալ ժամկետով, իսկ ՎԶՄԲ վարկը` 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1.597 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս գործառնությունն աջակցում է պետական բյուջեով նախատեսված աղքատամետ ծախսերի պահպանմանը, սոցիալական ապահովության ծրագրերի հասցեականության բարելավմանը, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի հասանելիությունը բարձրացնելուն, կրթության կառավարման արդյունավետության խթանմանը, ինչպես նաև առողջապահական ծառայություններում համավճարի քաղաքականության ներմուծմանը` ապահովելով համապատասխան արտոնություններ աղքատ ու խոցելի խավերի համար:

Ինչպես նշել է Հապին, Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու և նրա աճի ներուժը հզորացնելու համար գործառնությունը կարևորում է մեկ պատուհանի սկզբունքի ներդնումը ձեռնարկությունների գրանցման գործընթացում, ռիսկերի վրա հիմնված աուդիտի ներմուծումը և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---