Գերմանիայի Բունդեսթագում կքննարկեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող խնդրագիրը

Գերմանիայի Բունդեսթագում կքննարկեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող խնդրագիրը

PanARMENIAN.Net - Կայանալիք նիստերից մեկի ընթացքում Գերմանիայի Բունդեսթագի Խնդրագրերի վերաբերյալ հանձնաժողովը կքննարկի ԳՖՀ կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Ի պատասխան 2012 թվականի հունվարի 26-ին ներկայացված խնդրագրի, Բունդեսթագի հանձնաժողովը տեղեկացրել է դոկտոր Թեսսա Հոֆֆմանի գլխավորած ցեղասպանությունների ճանաչման դեպարտամենտին` տվյալ հարցը քննարկելու մասին մտադրության մասին»,- PanARMENIAN.Net -ին հայտնել է Գերմանիայում գտնվող աղբյուրը:

Ըստ աղբյուրի, Բունդեսթագի հանձնաժողովը կկողմնորոշվի այս հարցի շուրջ` համանման օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումից հետո:

Ինչպես հայտնի է, 2005թ հունիսին Գերմանիայի Բունդեսթագը, առանց նախնական քննարկման միաձայն որոշում ընդունեց ` «1915թ ապրիլի 24-ի հայոց ջարդերի 90 ամյակի կապակցությամբ հայտարարել հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի հայերի և թուրքերի հարաբերությունների կարգավորմանը»: Որոշման նախագիծը ներկայացվել էր Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական միությունների կողմից: Փաստաթղթում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված գործողությունները չեն որակվում որպես ցեղասպանություն, սակայն կա պարբերություն, որում ասվում է, որ միջազգային աղբյուրները տեղի ունեցածը կոչում են Հայոց ցեղասպանություն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---