Կկատարի՞ արդյոք Փարիզը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքը «թաղելու» իր խոստումը

Ցանկացած երկրում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում առաջացնում է ցասումի ալիք, որն ուղեկցվում է տարաբնույթ գործողությունների սպառնալիքով

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, փորձելով լուծել (բավական անհաջող) լիբիական խնդիրը, որն ինքն էլ ստեղծել է, պարտություն է կրում նաև իր ներքին քաղաքականության մեջ: Ֆրանսիայում ձախ ընդդիմությունը հաղթել է մարզային ընրություններում, որոնք ավարտվել են անցած կիրակի: Նիկոլյա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը զիջել է առաջնորդությունը Սոցիալիստական կուսակցությանը, իսկ ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատը» ամրապնդել է դիրքերը նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ:

PanARMENIAN.Net - Ընտրություններից առաջ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը Ֆրանսիայի 100 շրջաններից 58-ում մեծամասնություն է կազմել: Ներկա մարզային ընտրություններում սոցիալիստներին հաջողվել է աջերից «գրավել» նվազագույնը 3 շրջան, հեռանկարում նույնքան էլ կա: Հենց Սոցիալիստական կուսակցությունը, որը 2006-ին Հայոց ցեղասպանությունը ժխտելու քրեականացման մասին օրենքը մտցրել է խորհրդարանի ստորին պալատ, մտադիր է օրենքը մտցնել Սենատ: Սոցիալիստները պնդում են, որպեսզի օրենքն անպայման վավերացվի ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի ներկա կազմի կողմից: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, օրենքը Սենատում ներկայացվելու է մայիսի 4-ին:

Սենատին և նախագահ Սարկոզիին օրենքն ընդունելու պահանջով դիմել է Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի և ՄԱԿ դեսպան Շառլ Ազնավուրի գլխավորությամբ: Մարտի 12-ի ցույցում ավելի քան 3000 մարդ հավաքվել է Սենատի շենքի առաջ՝ կոչ անելով օրենսդիրներին վավերացնել օրենքը: Շառլ Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել իր խոստումը, քանզի Ֆրանսիայի հայերը կարող են հիշել այդ մասին 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ազնավուրի հայտարարությանն իշխող կուսակցությունը պետք է լուրջ վերաբերվի, քանի որ հայազգի ընտրողների թիվը բավական մեծ է, եթե ոչ ուղղակի, ապա կողմնակի կերպով ընտրությունների վրա ազդելու համար և բնավ ոչ Սարկոզիի և նրա կուսակցության օգտին: Սա մի քանի պատճառներ ունի, և դրանցից գլխավորը Թուրքիայի հետ է կապված: Չնայած նրան, որ Ֆրանսիան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հակառակորդ է, WikiLeaks-ի տվյալների համաձայն, Փարիզը խոստացել է Անկարային օրենքը «թաղել» Սենատում: Իրականում այդպես է դա, թե ոչ, դժվար է ասել, սակայն օրենքի վերաբերյալ լսումները մշտապես հետաձգելն այն մտքին են հանգեցնում, որ սկանդալային կայքը հեռու չէ ճշմարտությունից:

Այնպես է ստացվել, որ ինչ-որ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում, վերջերս նաև Ադրբեջանում առաջացնում է ցասումի ալիք, որն ուղեկցվում է տարաբնույթ գործողությունների սպառնալիքներով, գրեթե մինչև դիվանագիտական հարաբերությունների խզում: Բայց գործը սովորաբար ավարտվում է նրանով, որ տվյալ երկրում Թուրքիայի դեսպանին «կանչում են խորհրդակցությունների համար» և որոշ ժամանակ անց նա ետ է վերադառնում: Այդպես եղել է բոլոր երկրների հետ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և օրենք են ընդունել ժխտման քրեականացման մասին, նույն Ֆրանսիայի հետ՝ 2001-ին: Անկարան փորձնական սպառնալիքներ է գործարկում, կաշխատեն՝ լավ, չաշխատեն՝ սարսափելի ոչինչ չկա: Այդ սպառնալիքները գործում են միայն ԱՄՆ վրա, թեև հենց Վաշինգտոնը չպետք է ենթարկվի Թուրքիայի ճնշմանը: Սակայն, ենթարկվում է, այն էլ նախանձելի հետևողականությամբ: Հավանաբար կա ինչ-որ բան, ինչն իրավունք է տալիս Թուրքիային շանտաժի ենթարկել ԱՄՆ բոլոր նախագահներին: Բայց ինչ կարող է դա լինել՝ անհասկանալի է: Թեև կարելի է ենթադրել, որ Թուրքիան օգնում է ԱՄՆ-ին մնալ Մերձավոր Արևելքում՝ փոխարենը պահանջելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամեն ինչ հնարավոր է: Ամեն երկիր ունի գաղտնիքնեը, որոնք հավիտյան չեն կարող այդպես մնալ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---