Անկարան դադարել է միջնորդ լինել Մերձավոր Արևելքում

Անկարան դադարել է միջնորդ լինել Մերձավոր Արևելքում

Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով

Պաշտոնական Անկարայի հայտարարություններն ավելի ու ավելի են հիշեցնում անհասկանալի խառնաշփոթ, որը բխում է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհում սեփական տեղի ոչ ադեկվատ ընկալումից: Ժամանակին դառնալով ՆԱՏՕ-ի անդամ ԽՍՀՄ-ԱՄՆ դիմակայության պատճառով, Թուրքիայի ներկա ղեկավարությունը համարում է, որ կարող է իր պայմանները թելադրել դաշինքին: Այդպես եղել է ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի նշանակման ժամանակ, այդպես է նաև հիմա:

PanARMENIAN.Net -

Բացի նրանից, որ Անկարան վետո է դրել Իսրայելի մասնակցության վրա Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նա դեռ հայտարարում է, որ կարգելափակի Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությունը Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ներկայացուցիչներին չթույլատրվի մասնակցել գագաթնաժողովին:

Տվյալ պահին սպասվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի մասնակցությունը: Միաժամանակ եթե ԵՄ անդամ-երկրները պնդում են գագաթնաժողովում Եվրամիության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտության վրա, հաշվի առնելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունը, ապա Թուրքիան հայտարարում է, որ գագաթնաժողովում պետք է ներկա լինեն միայն ՆԱՏՕ-ի երկրներ ներկայացուցիչներ:

«Եթե գագաթնաժողովին մասնակցեն ՆԱՏՕ-ի ոչ անդամներ, ապա առաջին հերթին դա պետք է լինի ԻՀԿ-ը»,- հայտարարել են թուրքական դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է Today’s Zaman-ը: Այդ նույն աղբյուրները պնդում են, որ ԻՀԿ ավանդն Աֆղանստանում խաղաղապահ առաքելության մեջ գերազանցում է ԵՄ ավանդը: Թուրք դիվանագետների պնդումն ավելի քան վիճելի է, քանզի ԻՀԿ երկրները շատ «ջանքեր» են գործադրել Թալիբան շարժումը զինելու համար: Պետք է նշել, որ ԻՀԿ կառույցն ամենից քիչ է ծառայում իսլամական պետությունների միավորմանը: Հիշեցնենք, որ ԻՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է պաղեստինցիներին աջակցելու համար: Բայց հետո, ինչպես միշտ, փոխվել են նպատակները և խնդիրները, իսկ այն ժամանակներից ի վեր, ինչ ԻՀԿ-ում առաջատար է դարձել Թուրքիան և որոշ առումով Ադրբեջանը, իրավիճակն արմատապես փոխվել է: Ներկա պահին ԻՀԿ-ն միավորում է 57 երկրներ շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ: ԻՀԿ ստեղծման նպատակներն են՝ համագործակցություն մահմեդական երկրների միջև, միջազգային ասպարեզում գործունեության մեջ համատեղ մասնակցություն:

Սակայն վերադառնանք Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Առայժմ պարզ չէ, թե ինչ կպայմանավորվեն դաշինքի անդամ-երկրները կամ տեղի կտան Թուրքային, ինչն արդեն եղել է, թե կմերժեն: Վերջին ժամանակները թուրքական մամուլում սկսել են հայտնվել հոդվածներ, որոնք շանտաժի են ենթարկում ՆԱՏՕ-ի ղեկավարությանը. «Եթե չլսեք մեզ, կփոշմանեք»: Դրան ի պատասխան մի շարք արևմտյան դիվանագետներ հայտարարել են, որ Թուրքային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից...

ՆԱՏՕ-ի շանտաժից բացի Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիային է պատկանում նոր Մերձավոր Արևելքում գլխավոր դերը: Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լոգօղլուն այդ խոսքերը գնահատել է որպես «վտանգավոր ֆանտազիա»: Պաշտոնաթող դիվանագետ Լոգօղլուն կարծում է, որ Թուրքիան իր գործողություններով չի վայելում արաբների հարգանքը: Չնայած նույն հավատին՝ թուրքերը և արաբները սունիթներ են, նրանց միջև հակասություններն ավելի քիչ չեն, քան սունիթների և շիիթների: Հասկանալի է, որ Պարսից ծոցի նավթային միապետություններն աջակցում են Թուրքիային, ավելի ճիշտ ի դեմս նրա ԱՄՆ-ին Սիրիայի և Իրանի դեմ: Սակայն նման դրությունը երկար շարունակվել չի կարող: Ավելին, առկա է Թուրքիայում «արաբական գարնան» կրկնվելու հավանականություն:

Այդ հավանականությունը բխում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ հետ Քաթարի ու Սաուդյան Արաբիայի պահվածքից:

Այնպես է ստացվել, որ սիրիական ընկույզը չափազանց պինդ էր Արևմուտքի համար, և հիմա ԱՄՆ-ը փորձում է համոզել Թուրքիային կատարել «ողջ կեղտոտ աշխատանքը»: Հանուն դրա կարելի է զոհաբերել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մի քանի մասնակիցների:

Թուրքիան Օսմանյան կայսրության օրոք խաղացել է իսլամական աշխարհի առաջնորդի դերը: Բայց հիմա, երբ մահմեդական աշխարհն ակտիվ մասնակցություն է ունենում սունիթների և շիիթների միջև աճող դիմակայությանը, ապա Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկում առաջնորդի դերով:

The Economist ամսագրի հոդվածում նշվում է, որ Թուրքիան կարողացել է միջնորդ դառնալ Լիբանանում իրար դեմ պայքարող խմբավորումների միջև, Իրաքի սունիթների և շիիթների միջև, մինչև 2009-ը Սիրիայի և Իսրայելի միջև: Սակայն, Անկարայում Նիդերլանդների նախկին դեսպան Նիկոլյա Վան Դամի խոսքով, երկխոսություն վարելու հենց այդ կարողությունը Թուրքիային արդյունավետ խաղացող է դարձրել Մերձավոր Արևելքում:Սակայն նա ընտրել է մեկ կողմ և դադարել է միջնորդ լինել, նշել է դիվանագետը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---