1973 թվականն «Արարատի» աստեղային ժամն էր, ու հաղթանակները ձեռքից բաց չթողեց

1973 թվականն «Արարատի» աստեղային ժամն էր, ու հաղթանակները ձեռքից բաց չթողեց

Երբ գնդակն «Արարատի» մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում` պաշտպանվում

Միայն հաղթելուց հետո ես զգում դրա գինը և ձգտում ես կրկին բարձրունքում լինել: Հաղթելը պարզապես անհրաժեշտություն է դառնում: Այդպես եղավ նաև «Արարատի» հետ: Գավաթին տիրանալուց հետո թիմը հասկացավ, որ այն ինչ մի քանի տարի առաջ երազանք էր թվում, կարող է իրականանալ մեծ ջանքերի ու համառության շնորհիվ: Խաղացողներից շատերն են խոստովանում, որ եթե չնվաճեին Գավաթը, դժվար թե կարողանային ոսկե մեդալների արժանանալ նաև առաջնությունում: Դա նրանց աստեղային ժամն էր ու այն ձեռքից բաց չթողեցին:

PanARMENIAN.Net - Սիմոնյանն ու «Արարատը» գտել էին իրար, ինչից օգուտ էին քաղում երկրպագուները.

1973 թվականի ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությունը, որն անցկացվում էր 35-րդ անգամ, մեկնարկեց ապրիլի 7-ին և ավարտվեց նոյեմբերի 2-ին: 8 ամիս տևած առաջնությունում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում երևանյան ակումբի համար: Եղան և տպավորիչ ու անակնկալ հաղթանակներ և չսպասված ու ծանր պարտություններ:

Միակ նորամուծությունն այն էր, որ 1973-ի չեմպիոնը չուներ ոչ ոքիներ: 35-րդ առաջնությունն առանձնահատուկ էր նրանով, որ հանդիպումները չէին կարող ոչ ոքի ավարտվել և հաղթողին որոշելու համար նշանակվում էին 11 մետրանոցներ:

Հիմնական ժամանակում հաղթելու դեպքում տրվում էր 2 միավոր էր, իսկ 11-երով` 1: Այս հանգամանքը լրացուցիչ լարվածության մեջ էր պահում թիմերին, պետք էր պատրաստ լինել խաղի ամենատարբեր սցենարների:

Բայց «Արարատը»` պայքարելով երկու ճակատներում, թե սեփական, թե մրցակցի հարկի տակ ցուցադրում էր կոլեկտիվ, հավասարակշռված ու գերհարձակվողական խաղ: Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատը» գտել էին իրար, ինչից օգուտ էին քաղում հայկական, և, առհասարակ, գեղեցիկ ֆուտբոլի սիրահարները:

Թիմն իր բնավորությունը ձեռք էր բերել նաև նախորդ տարիներին, խաղացողներն արդեն մեծ փորձ ու հմտություն ունեին, աչքի էին ընկնում կոլեկտիվ խաղով, տեխնիկապես շատ լավ էին պատրաստված, ֆուտբոլիստներից գնդակ խլելն այդքան էլ հեշտ չէր: Եվ նրանք ուղղակի չէին կարող իրենց լավ չդրսևորել: Մասնագետները նրանց խաղը կրքոտ, մարտական և իմաստալից էին անվանում:

Երբ գնդակով էին, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում`պաշտպանվում.

Թիմը նախընտրում էր ելույթ ունենալ 4-3-3-1 սխեմայով, որն արդարացնում էր իրեն: Գործում էր նաև մի կարևոր սկզբունք, որը Սիմոնյանն էր իր հետ բերել Երևան. երբ գնդակն իրենց մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում`պաշտպանվում: Սակայն 1973-ին ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում: Թիմի խնդիրներն ակնհայտ կերպով դրսևորվեցին հատկապես առաջնության միջնամասում, երբ իրար հետևից «Արարատը» կրեց չորս պարտություն:

Մարզիչն այդ անհաջողությունները կապում էր խաղացանկի ծանրաբեռնվածությամբ և ֆուտբոլիստների վնասվածքներով: 13 օրվա ընթացքում թիմը 5 հանդիպում անցկացրեց, որոնցից մի քանիսը արտագնա էին: Բացի այդ էլ, «Արարատի» խաղացողները հանդես էին գալիս ԽՍՀՄ հավաքականում և ստիպված էին լինում հաճախակի բացակայել:

Սակայն հմուտ ու փորձառու մարզչական շտաբում, որտեղ Սիմոնյանի հետ աշխատում էին նաև Հարություն Քեհեյանն ու Հովհաննես (Օնիկ) Աբրահամյանը, չէին պատկերացնում մի իրավիճակ, որից դժվար լիներ դուրս գալ:

Գավաթի նվաճումը մեծ իմպուլս հանդիսացավ , որ տղաները շարունակեն պայքարել նաև առաջնության հաղթողի կոչման համար: Այստեղ էլ, ինչպես և Գավաթի համար, պայքարը հիմնականում Կիևի «Դինամոյի» հետ էր: Գավաթի եզրափակչից հետո առաջնությունում հաշված խաղեր էին մնում, ու ավելի ամուր գտնվեցին հայ ֆուտոլիստների նյարդերը: Վերջին խաղում նրանք 3:2 հաշվով հաղթեցին «Զենիթին» և 39 միավորով հռչակվեցին չեմպիոններ` մեկ տարվա ընթացքում առաջին անգամ տիրանալով երկու մրցանակի:

Երևանյան ակումբի խաղերը դիտել են 467 հազար երկրպագուներ.

«Արարատի» վիճակագրական տվյալներն էլ շատ տպավորիչ են: 30 խաղերում թիմը տոնել է 21 հաղթանակ և կրել 9 պարտություն` 52 խփած և 26 բաց թողած գնդակներով: Բոլոր 30 խաղերի ընթացքում ելույթ են ունեցել միայն Լևոն Իշտոյանն ու Ալյոշա Աբրահամյանը: 21 տուրերի ընթացքում «Արարատը» առաջատար է եղել:

Թիմն արժանացել է լավագույն գնդակների տարբերության համար մրցանակին, անվանվել է «Ագրեսիվ հյուր»` մրցակցի հարկի տակ 16 միավոր վաստակելու համար: Արժանացել է Ֆեդոտովի անվան մրցանակի` առաջնությունում ամենաշատ գոլեր խփելու համար, խոշոր հաշվով հաղթանակների համար մրցանակի: «Արարատը» նաև ամենակայուն թիմն է ճանաչվել, քանի որ մրցաշրջանի կազմում հանդես են եկել ընդամենը 18 ֆուտբոլիստներ:

Երևանյան ակումբի խաղերը դիտել են 467 հազար երկրպագուներ:

«Արարատը» հասունացել էր չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար.

Նման խելահեղ մրցաշրջանից հետո դժվար է պատկերացնել, թե «Արարատի» խաղացողներից ավելի երջանիկ ով կարող էր լինել: Ինչպես իրենք են ասում, 300 մլն երկրում հաղթեց 3 մլն բնակչություն ունեցող երկրի ֆուտբոլային թիմը, իսկ դրանից ավելի հպարտանալու ինչ կար:

Այս հաղթական տարին ճիշտ է եզրափակել Նիկիտա Սիմոնյանի խոսքերով, ով բոլորից լավ է ճանաչում թիմը. «Արարատն» արդեն հասունացել էր չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար: Կազմը կայունացել էր, ֆուտբոլիստները փորձ էին կուտակել և կոմբինացիոն խաղի ճաշակ ի հայտ բերել: Նրանք վստահություն էին ձեռք բերել, հավատացել, որ կարող են հավասարի պես պայքարել ցանկացած թիմի հետ»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---