Մերձավոր Արևելքի հայաթափումը՝ վերջի՞նը, նախավերջի՞նը

Մերձավոր Արևելքի հայաթափումը՝ վերջի՞նը, նախավերջի՞նը

Դեռ նախորդ դարի 70-ականներին հայերը հանգիստ ապրում էին Մերձավոր Արևելքում, ակտիվորեն մասնակցում հյուրընկալած երկրների կյանքին

Հայոց ցեղասպանության տարիներին, թուրքական յաթաղանից մազապուրծ հայերը, հաստատվում էին մոտակա երկրներում: Այդպես ձևավորվեց Մերձավոր Արևելքի հայ համայնքը, որը հասնում էր մոտ 200 հազարի: Լիբանանում, Եգիպտոսում ու Սիրիայում որբանոցներ բացվեցին ծնողազուրկ երեխաների համար: Արաբները ըմբռնումով էին վերաբերվում փախստականներին, եթե չասենք ավելին՝ Օսմանյան կայսրությունն ատող արաբների համար հայերը գրեթե եղբայրներ էին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ Լիբանանը, Եգիպտոսը, Մերձավոր Արևելքն ընդհանուր առմամբ, փախստականներին ընդունեցին որպես իսկական հարևաններ ու բարեկամներ:

PanARMENIAN.Net - Դեռ նախորդ դարի 70-ականներին հայերը հանգիստ ապրում էին Մերձավոր Արևելքում, ակտիվորեն մասնակցում հյուրընկալած երկրների կյանքին: Աղետները սկսվեցին 1975 թվականին, երբ Բեյրութում քաղաքացիական պատերազմ սկսվեց մահմեդականների ու քրիստոնյաների միջև՝ հրահրված Յասիր Արաֆատի գլխավորած պաղեստինցի գրոհայինների կողմից: Պատերազմը շարունակվեց մինչև 1990 թվականը: Լիբանանում քաղաքացիական պատերազմում մոտ 100 հազար մարդ զոհվեց: Los Angeles Times թերթը գրել է, որ Լիբանանի պաշտոնական ոստիկանական վիճակագրության վրա հղումով, արդեն 1992 թվականի քաղաքացիական պատերազմում զոհված էր համարում 144 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում էր 200 հազարի: Հայերը սկսեցին հեռանալ Լիբանանից և մի քանի տարում հայ համայնքը գրեթե կեսով չափ նվազեց: Հիմնականում մեկնում էին ԱՄՆ ու Կանադա, ավելի հազվադեպ Եվրոպա, էլ ավելի սակավաթիվ մարդիկ՝ Հայաստան:

Սիրիայում հայերը համեմատաբար հանգիստ էին ապրում՝ նրանք ներկայացված էին խորհրդարանում, զգալի դերակատարություն ունեին տնտեսության մեջ: Եվ այդպես էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Որքան էլ տարօրինակ թվա, ամեն ինչ ավարտվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց իսլամին ԱՀԿ աշտարակների վրա գրոհից հետո: Բայց այդ պատերազմը մի տեսակ տարօրինակ էր. ստացվեց այնպես, որ ծայրահեղական իսլամը գնալով հզորանում է, իսկ քրիստոնյաները, որոնք դարեր շարունակ դժբախտություն ունեին այնտեղ ապրելու, վերածվեցին հալածյալ փոքրամասնության:

Իսկ ամենասարսափելին այն է, որ այդ մարդիկ գրեթե այլևս հույս չունեն, որ կվերադառնան իրենց օջախը, նույնիսկ փրկվելու հույսն են կորցրել:

Ահա հայկական Նոր Գյուղ թաղամասում բնակվող հալեպահայերի կոչը: Սա նույնիսկ կոչ չէ, այլ օգնելու աղաղակ: «ՀՀ սփյուռքի նախարարությունն անպայման պետք է հանգանակություն սկսի «Փրկենք Նոր Գյուղը» կարգախոսով: Հանգանակությունը կարելի է ավարտել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիական պատերազմը Սիրիայում ավարտվի: Դրանից հետո անհապաղ ձեռնամուխ լինել հայկական թաղամասի վերականգնմանը: ՀՀ ԱԳՆ-ն պետո է հանդես գա բողոքի նոտաներով ու հայտարարություններով: Արդեն գաղտնիք չէ, որ Սիրիայի հայ բնակչությունը բնաջնջման է ենթարկվում թուրքամետ ու թուրքական զինյալ ջոկատների կողմից: Այս պայմաններում լռությունն ու դիվանագիտական անգործությունը հղի են բացասական հետևանքներով:

Մենք հորդորում ենք ՀՀ բնակչությանը համախմբվել: Պետք է մի կողմ թողնել քաղաքական ու կուսակցական, կրոնական և այլ տարաձայնությունները: Հարկավոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սիրիահայ համայնքը փրկելու համար: Սփյուռքի բոլոր կառույցներն ամբողջ աշխարհում պետք է ճշմարտությունը հասցնեն աշխարհին սիրիահայերի վիճակի մասին և ճշմարիտ տեղեկություններ հաղորդեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Սիրիայում»,-ասվում է հայտարարության մեջ: Ամենատխուրն այն է, որ Սիրիայի և հիմա արդեն նաև Իրաքի հայերի աղետի վրա աշխարհում ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ինչպես և 100 տարի առաջ:

Հյուսիսային Քրդստանում գտնվող Մոսուլ քաղաքը հայերի 65 ընտանիք է լքել։ Այդ մասին Բեյրութի «Ազդակ» թերթին տեղեկացրել է Իրաքի իշխանությունների ներկայացուցիչ Պարույր Հակոբյանը։ Նրա խոսքով, Մոսուլն ու դրա շրջանները լքում են ոչ միայն հայերի ընտանիքները, այլև ամբողջ բնակչությունը. «Հայերի մեջ զոհեր չկան»,- նշել է Հակոբյանը։ 100 տարի առաջ Առաջին համաշխարհային պատերազմն էր ընթանում և ոչ ոքի չէր հետաքրքրում ոչնչացվող ժողովրդի ճակատագիրը: Հիմա համաշխարհային օրակարգում Ուկրաինան է, ՌԴ-Արևմուտք դիմակայությունը և էլի հայերի ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում: Պատմությունը հերթական անգամ ասում է, որ նամակներով, կոչերով ոչնչի հնարավոր չէ հասնել: Նման դեպքերում անմիջապես հիշում ես՝ 1878 թ. Բեռլինի կոնգրեսում Մկրտիչ Խրիմյանը (ապագա Ամենայն Հայոց կաթողիկոսը) և Մինաս Չերազը (Բեռլինի կոնգրեսում հայկական պատվիրակության քարտուղարն ու թարգամանիչը) ուղերձ հղեցին բոլոր մեծ տերություններին: Հայտնի են Խրիմյանի խոսքերը, երբ նա կոնգրեսը համեմատեց հարիսայով լի կաթսայի հետ՝ նշելով, որ բոլորը եկել էին երկաթե շերեփներով ու հեշտությամբ վերցնում էին այն, ինչն իրենցն էր, իսկ նա միայն թղթե շերեփ ուներ, որը մնաց հարիսայի մեջ: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը կոչ արեց հայ ժողովրդին զինվել ու զենքը ձեռքին պայքարել իր ապագայի համար:

Եվ վերջինը: Թուրքիայի հայ համայնքը նույնպես անմասն չմնաց և քննադատեց Անկարայի անտարբերությունը սիրիահայերի, մասնավորապես, քեսաբահայերի հանդեպ, որոնք ապաստան են որոնում Թուրքիայում: Համայնքը նաև ուշադրություն է հրավիրում ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի անհամաչափ կեցվածքին քեսաբահայերին օգնելու գործում, որոնք հաստատվել են Թուրքիայում:

Ըստ քաղաքացիական ակտիվիստ Հարութ Օզերի, թուրքահայերը ոչինչ չարեցին օգնություն ցուցաբերելու համար: «Ինչո՞ւ ենք մենք մեղադրում թուրքական կառավարությանը, երբ ինքներս չենք գործում: Մեր հիվանդանոցներն ու հիմնադրամները ոչինչ չեն անում, իսկ պատրիարքը հետևում է թուրքական կառավարության քաղաքականությանը, մեր համայնքին սատարելու փոխարեն: Մենք պետք է արդարացնենք մեր գոյությունը ու կասեցնենք բնակչության նվազումը: Փոխելու համար այդ իրողությունը թուրքական ու հայկական իշխանությունները պետք է փոխեն մտածելակերպը»,-ասել է Օզերը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---