Killing them SWIFT-ly

Killing them SWIFT-ly

Ռուսական բանկերը համակարգից անջատելու հետևանքները

Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան արևմուտքից պահանջում էր անջատել ռուսական բանկերը SWIFT համակարգից: Որոշումը հեշտ չկայացվեց, որովհետև բարդ իրավիճակում էր հայտնվելու ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց ԵՄ-ն: Տարաձայնություններն ի վերջո հարթվեցին ի վնաս Ռուսաստանի:

PanARMENIAN.Net - «Արևմուտքը Ռուսաստանին անջատեց SWIFT-ից». Այս պնդումը թեև սխալ չէ, բայց թերի է: Արևմտյան պատժամիջոցների հերթական փաթեթով SWIFT համակարգից անջատում են ոչ թե Ռուսաստանը կամ ամբողջ բանկային համակարգը, այլ մի քանի բանկի:

SWIFT հապավումը բացվում է որպես Society for Worldwide Interbank Financial Telecommunications, այսինքն համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն։ Այստեղ բանալի բառը հաղորդակցությունն է: SWIFT-ը ոչ թե գումար փոխանցելու, այլ գործարքների մասին տեղեկատվություն փոխանակելու համակարգ է: SWIFT-ի անդամ են 200 երկրների 11 հազարից ավելի բանկեր և ֆինանսական հաստատություններ: Սա նշանակում է, որ համակարգին միացած բոլոր բանկերն ու կազմակերպությունները փոխադարձ կապեր են հաստատում և հաղորդակցվում են «նույն լեզվով»: Սա էականորեն արագացնում է գործընթացը և օգնում խնայել գումար ու ժամանակ:

Ավելի պարզ լեզվով, SWIFT-ը կարծես էլեկտրոնային փոստ լինի, որի միջոցով անվտանգ կերպով կողմերը հաղորդագրություններ են փոխանցում: SWIFT-ը ստեղծվել է 1973-ին՝ Բելգիայում: Վերահսկվում է G10 երկրների կենտրոնական բանկերի, Եվրոպական կենտրոնական բանկի և Բելգիայի Ազգային բանկի կողմից: Միջազգային այս համակարգի մասշտաբները պատկերացնելու համար մի քանի թիվ նշենք: Միջինում համակարգի միջոցով օրական 40 միլիոն հաղորդակցություն է փոխանցվում, ներառյալ վճարման հաստատումների, արժույթի փոխանակման և այլ գործարքների մասին ինֆորմացիան: Տարեկան կտրվածքով համակարգի միջոցով տրիլիոնավոր դոլարների գործարքներ են կատարվում: Առանց հաղորդակցության, այս համակարգի բանկային յուրաքանչյուր գործարք մշակելու համար, ենթադրենքմ մի քանի ժամ կպահանջվի: Հետևաբար ամեն գործարքի համար SWIFT-ի շնորհիվ մոտ 100 դոլար կարելի է խնայել: Այսինքն՝ SWIFT-ը համաշխարհային տնտեսությանն ավելացնում է օրական մոտ 4 միլիարդի դոլար կամ տարեկան 1 տրիլիոն դոլարի հավելյալ արժեք:

SWIFT հաղորդագրությունների համակարգի կարևոր բաղադրիչը SWIFT կոդն է: Համակարգի մաս կազմող յուրաքանչյուր բանկի տրվում է այս ծածկագիրը, որը նույնականացնում է բանկը, երկիրը, հասցեն, և ըստ ցանկության, մասնաճյուղը: Եթե օրինակ ուզում եք Հայաստանից Իսլանդիա գումար փոխանցել, բանկին տրամադրում եք ստացողի հաշվեհամարը և նրա բանկի SWIFT կոդը: Եթե երկու բանկն ուղիղ հաղորդակցություն ունեն, ապա հաղորդագրությունն անմիջապես փոխանցվում է: Եթե ոչ, ապա հաղորդագրությունը փոխանցվում է SWIFT համակարգի մաս կազմող այլ միջնորդ բանկերի միջոցով:

Ռուսաստանը SWIFT-ից օգտվող բանկերի թվով աշխարհում երկրորդն է: Զիջում է միայն Միացյալ Նահանգներին: Համակարգին 300-ից ավելի ռուսական ֆինանսական կազմակերպություն է միացել: Սա ռուսական կազմակերպությունների ընդհանուր թվի կեսից ավելին է: Ռուսական բանկերը SWIFT-ից անջատելու որոշումը կարող է ամենատարբեր անհարմարություններն առաջացնել թե ռուսական կողմի, և թե նրանց գործընկերների համար: Ֆինանսական ռեսուրսներից բացի, հարվածի տակ է դրվում նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը: Ռուսական բանկերը գործարքների մասին տեղեկությունը պետք է փոխանցեն այլընտրանքային եղանակներով: Սրան գումարվում է նաև ռիսկային մեկ այկ գործոն՝ ռուսական բանկերը դառնում են պակաս կանխատեսելի: Ցավոտ թիրախում են հայտնվում թե ներմուծումը, թե արտահանումը, և թե ներդրումային ծրագրերը:

Ամենատրամաբանական լուծումը, որը ռուսական բանկերն ամենայն հավանականությամբ կընտրեն, ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման սեփական համակարգն է: Դեռ 2014-ին, Ղրիմի շուրջ ճգնաժամի և միջազգային պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանը որոշեց սեփական՝ «ռուսական SWIFT»-ը ստեղծել: Այստեղ միակ խնդիրն այն է, որ համակարգից հիմնականում օգտվում են միայն ԱՊՀ երկրները, այդ թվում՝ հայաստանյան երկու բանկ: Միջազգային մյուս գործընկերների հետ ռուսական բանկերը հաղորդակցման այլ ճանապարհներ պետք է փնտրեն:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---