Կապուտաչյաները կապույտ արյո՞ւն ունեն

Կապուտաչյաները կապույտ արյո՞ւն ունեն

Ռասիզմն Ուկրաինայի հարցում ծակել է անգամ ԵՄ-ի աչքերը

Եվրոպան հայտարարում է, որ իր դռները բաց են Ուկրաինայից ժամանող բոլոր փախստականների համար, բայց պարզվում է՝ գրկաբաց ընդունում են միայն «սպիտակ, կապուտաչյա եվրոպացիներին», մյուսները բախվում են խտրականության ամենատհաճ դրսևորումներին:

PanARMENIAN.Net - Պատերազմի սկզբից մեկ շաբաթ անց Եվրոպական երկրներն արդեն 1 միլիոն փախստականի են ընդունել Ուկրաինայից: Եվս 1 միլիոնը ներքին տեղահանվածներ են: ՄԱԿ-ի կանխատեսումներով փախստականների թիվը կարող է մի քանի միլիոնի հասնել, դառնալով վերջին տարիների ամենածանր հումանիտար ճգնաժամը: Հազարավոր մարդիկ և տասնյակ կազմակերպություններ ահազանգում են, որ իրավիճակն ավելի են բարդացնում արևմտյան երկակի ստանդարտները և ընտրովի մարդասիությունը:

CNN-ի թղթակիցը պատմում է, թե ինչ փորձությունների միջով է Ուկրաինայում ապրող իր սևամորթ քույրն անցել՝ մինչև լեհական սահմանը հատելը: Նախ տաքսու վարորդը Կիևից Լվով երթուղու համար 2200 դոլար է պահանջել: 37 ժամ հետո վարորդը որոշել է հետ վերադառնալ Կիև, իսկ ուղևորները ստիպված ոտքով քայլել են դեպի սահման: 10 ժամ քայլելուց հետո ճամպրուկները թողել են ճանապարհին և ուժասպառ հասել լեհական սահման: Ու երբ թվում էր, թե դժոխքն ավարտված է, սևամորթ կնոջն ու իր ընկերներին ամենատհաճ անակնալն էր սպասվում: Նրանց թույլ չեն տևել հատել սահմանը, մարդկանց երկու խմբի են բաժանել՝ ուկրաինացիները և մյուսները: Ուկրաինացիները հատել են սահմանը, իսկ նույն պատերազմից փախչող և նույն վտանգներին բախվող օտարազգի բոլոր փախստականներին անհայտ ճակատագրով թողել են դրսում: CNN-ի թղթակիցը պատմում է, որ քրոջը տեղափոխել են հիվանդանոց, հետո կրկին ավտոբուսով բերել սահման, ու կրկին նույն սցենարը՝ բոլոր սևամորթներից պահանջել են դուրս գալ ավտոբուսից: Եվս մի քանի ժամ քաշքշուկ և Կիևից դուրս գալուց միայն 108 ժամ անց կինը հատել է սահմանը:

Սա հարյուրավոր դեպքերից և ահազանգերից միայն մեկն է: Ուկրաինայում սովորող արտասահմանցի ուսանողները, մասնավորապես Աֆրիկայից և Միջին Արևելքից ժամանածները, խտրական վերաբերմունքի են բախվում թե Ուկրաինայում, թե սահմանը հատելիս՝ հարևան եվրոպական երկրներում: Ուկրաինացի ոստիկանները նրանց քաքշելով հանում են սահման մեկնող ավտոբուսներից և գնացքներից: Տղաներին ասում են, որ պետք է մնան և կռվեն, մասնակցեն պատերազամին: Եվ ավելացնում՝ «հատկապես դուք, սևեր:» Մի կերպ սահման հասածներին էլ ռասիզմի երկրորդ ալիքն է սպասում: Նախապատվությունը տալիս են ուկրաինացիներին: Մյուսներին կամ հետ են ուղարկում, կամ միայն ժամեր և օրեր անց թույլատրում հատել սահմանը:

Եվրամիության բոլոր 27 երկրները համաձայնել են ուկրաինացի փախստականներին ընդունել առանց հատուկ սահմանված ձգձգվող ընթացակարգերի: Այս փուլում փախստականների մեծ մասը Լեհաստանում է, մյուսները՝ Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա: Սահմանին փախստականներին դիմավորում են եվրոպացի կամավորները, հագուստ, սնունդ ու դեղորայք տալիս, սեփական մեքենաներով անվճար տեղափոխում այնտեղ, ուր պետք է: Թվում է, թե այս մարդասիրական քայլերը քննադատելու որևէ պատճառ կամ առիթ չի կարող լինել, բայց այս պատկերները շատերի մոտ հիշողություններ են առաջացնում օրինակ աֆղան կամ սիրիացի փախստականների մասին: Այսօր դռները բացած Հունգարիան մշտապես համարվել է փախստականների համար ամենաանհյուրընկալ երկիրը: Վարչապետ Վիկտոր Օրբանը բոլոր փախստականներին ահաբեկիչ էր անվանում և պնդում, որ իր երկրի տարածքում փախստականների համար տեղ չկա: Այս հարցը նույնիսկ խորը հակասությունների պատճառ էր դարձել Եվրամիության անդամ երկրների միջև:

Ռասիստական մեկնաբանությունների պատճառով քննադատությունների թիրախում են հայտնվել նաև որոշ Արևմտյան լրատվամիջոցներ: CBS-ի թղթակիցն օրինակ Ուկրաինայից ուղիղ եթերում իրավիճակը ներկայացնելիս ասում է, թե Կիևը հարաբերականորեն ավելի քաղաքակիրթ և եվրոպական է, ի տարբերություն Իրանի և Աֆղանստանի, որտեղ կոնֆլիտկներն արդեն տասնամյակներով են ձգվում: Մեկ այլ լրագրող գրում է, որ ուկրաինացիները շատ նման են եվրոպացիներին և հենց դա էլ ամեն ինչ ավելի արտառոց է դարձնում: Ուկրաինացիները «Netflix են նայում, ինստագրամյան էջեր ունեն», այսինքն շատ ավելի զարգացած են: Մեկ այլ լրագրող ասում է, որ ուկրաինացիները քրիստոնյա են և սպիտակամաշկ՝ «կոպիտ ասած՝ սիրիացի փախստականներ չեն»: Որոշ լրագրողներ էլ զարմացած են, որ պատերազմն ու արհավիրքը ոչ թե զարգացող, երրորդ աշխարհի երկրում է, այլ Եվրոպայում:

Հիմա այնպիսի պատկեր է ստեղծվել, որ արևմտյան լրատվամիջոցներին ռասիզմի մեջ մեղադրում են արևմտյան լրատվամիջոցները: Այս մեկնաբանությունները երկակի ստանդարտների ճչացող օրինակներ են, բայց խտրական վերաբերմունքը ֆիզիկապես վտանգավոր է դառնում սահմանային անցակետերում: Եթե խոսքերն ու հայտարարությունները հարցականի տակ են դնում էթիկական նորմերը, ապա պատերազմական վիճակում սահմանը ըստ նախապատվության բացելը կարող է անդառնալի հետևանքեր ունենալ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---