ԵՄ-ի խոհանոցում «գազի արտահոսք» է

ԵՄ-ի խոհանոցում «գազի արտահոսք» է

Ինչպես են պատժամիջոցներն ազդում Արևմուտքի տնտեսության վրա

Արևմտյան պատժամիջոցների հետևանքները ծանր են նաև Արևմուտքի համար: Ամենազգայուն թեման՝ ռուսական էներգակիրների ներկրումը դադարեցնելու հարցն է: Առաջին հետևանքները՝ եվրոպական երկրներում կտրուկ թանկացումներն են: Երկարաժամկետ հետևանքները սպառնում են շատ ավելի խորքային և ցավոտ լինել:

PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդավարական երկրներում բողոքի ակցիաները նորություն չեն, բայց նորություն է պարենի կամ էներգակիրների կտրուկ թանկացման ֆոնին առաջացած բողոքի հսկայական ալիքը: Որոշ դեպքերում վիճակն այնքան լարված է, որ կառավարությանը մեղադրում են սեփական ժողովրդի հաշվին Ուկրաինային լավություն անելու մեջ:

Գլխավոր կռվախնձորը ռուսական գազն է: Արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանը նախ ոչ բարեկամ երկրների ցանկ կազմեց, հետո հայտարարեց, որ այդ երկրներին գազը վաճառելու են միայն ռուբլով: Չի լինի գումար՝ չի լինի գազ: Արևմուտքը միանգամից հայտարարեց, որ ռուբլով հաշվարկները տանում են պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտման: Այս տարաձայնությունների ու լեզվակռվի ֆոնին Եվրագոտում մարտ ամսին տարեկան գնաճը ռեկորդային 7.5 տոկոսի հասավ: Փետրվարին՝ 5.9 տոկոս էր:

Եվրամիությունը հույս ուներ, որ 2022-ը կլինի այն տարին, երբ ԵՄ-ն կհաղթահարի համավարակի տնտեսական մարտահրավերները և կմտնի վերականգնման նոր փուլ: Հետո սկսվեց պատերազմն Ուկրաինայում: Եթե 2021-ի մարտին էլեկտրաէներգիայի գնաճը 4.3 տոկոս էր կազմել, այս տարի մարտ ամսին նախորդ տարվա հետ համեմատ գնաճը մոտ 45 տոկոս է կազմել: Այս զարգացումները եվրոպական որոշ ընկերությունների սպառնում են խաթարել արտադրությունը և փակել գործարանները, մարդիկ էլ շոկային իրավիճակում են հայտնվում, երբ կոմունալների ամսական՝ ռեկորդային աճն են տեսնում:

Իսպանիայում օրինակ վերջին 37 տարվա մեջ ռեկորդային գնաճ է գրանցվել: Կառավարությունն ասում է, որ պատճառը ոչ թե պատժամիջոցներն են, այլ պատերազմի հետևանքով առաջացած շղթայական խանգարումները: Մարդկանց սա չի բավարարում: Բողոքի ակցիաներ են կազմակերպում, գործադուլներ անում, տրանսպորտային միջոցներն աշխատանքի դուրս չեն գալիս, անհրաժեշտ մատակարարումները կանգնում են և երկիրը հերթական ճգնաժամի առաջ է կանգնում: Մարդիկ նաև բողոքում են, որ կառավարությունը իրենց սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին օգնություն է ուղարկում Ուկրաինա: Իսպանիայում վիճակը բարդ է, բայց ամենաշատ տուժած երկրներն են Լիտվան, Էստոնիան և Նիդեռլանդները: Լիտվայում՝ 15.3 տոկոս, Էստոնիայում՝ 14.8 տոկոս, Նիդեռլանդներում՝ 11.9 տոկոս թանկացումներ են: Եվրոպայում ոչ միայն էներգակիրները, այլև հագուստը, մեքենաները, համակարգիչները, պարենային ապրանքներն են ռեկորդային գնաճ գրանցում:

Հատկապես բարդ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարգավիճակը: Մի քանի օրից երկրում նախագահ են ընտրելու և Մակրոնի ընդդիմախոսները տնտեսական այս անկայունությունն օգտագործում են սեփական դիրքերն ամրապնդելու և Մակրոնի սխալները մատնացույց անելու համար: Ֆրանսիայի կառավարությունն էլ ընդդիմադիր այս ալիքին և թանկացումներին պատասխանում է էներգակիրների գնաճը և դրա հետևանքները զսպող 25 միլիարդ եվրոյի միջոցառումների փաթեթով:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս եկավ, բայց ճգնաժամային այս փուլում տնտեսական խնդիրներից խուսափել չի կարողանա: Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի ևս 20 խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են: Կրկին բողոքում են էներգակիրների սակագների կտրուկ թանկացման դեմ: Ապրիլի 1-ից գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են 54 տոկոսով։ Իսկ տարեկան գնաճը ռեկորդային է՝ վերջին 30 տարվա համար: Բրիտանական ազգային վիճակագրական ծառայության տվյալով ծախսերի կտրուկ ավելացումը մարդկանց ստիպել է գրեթե կիսով չափ կրճատել ծախսերը ոչ հիմնական ապրանքների վրա, բրիտանացիների 30 տոկոսը խնայում է նաև սննդի վրա, 34 տոկոսն էլ տանը համեմատաբար ավելի քիչ գազ և էլեկտրաէներգիա է օգտագործում:

Վերադառնալով Եվրամիությանը: Թեև Պուտինի դեմ ԵՄ անդամ երկրները միասնական են, բայց ներքին խոհանոցում ամեն ինչ չէ, որ հարթ է: ԵՄ որոշ երկրներ ավելի քիչ կախվածություն ունեն ռուսական էներգակիրներից և հենց այս երկրներն են պնդում, որ պետք է օր առաջ հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից: ԵՄ-ն բնական գազի մոտ 45 տոկոսը Ռուսաստանից է ստանում, նավթի՝ 25 տոկոսը: Չնայած սրան, կան երկրներ որ ուղղակիորեն կախված են ռուսական էներգակիրներից: Օրինակ Հունգարիան իր գազի 85 տոկոսը Ռուսաստանից է ստանում և Օրբանի կառավարությունը ԵՄ գործընկերներին զգուշացնում է՝ իրենց էներգամատակարարման անվտանգության հաշվին որևէ մեկին լավություն չեն անելու և եթե պետք լինի, նաև վետո կկիրառեն: Գերմանիայի համար ևս հեշտ չի լինելու, բայց Բեռլինը կախվածությունը նվազեցնելու լուծումներ է փնտրում: Նախ՝ նոր գործընկերներ: Առաջին կանգառը՝ Կատար: Նոր պայմանագրերի և գործակցության հեռանկարների ֆոնին Գերմանիայում նաև հումորային ելույթներ հիշեցնող խորհուրդներ են տալիս: Գյուղատնտեսության նախարարն օրինակ վարորդներին առաջարկել էր էներգիա խնայելու համար ավելի դանդաղ վարել: Ավել վաղ այս նախարարը նաև առաջարկել էր քիչ միս ուտել և Պուտինի դեմ պայքարում անձնական ներդրում ունենալ:

Չնայած տարաձայնություններին Եվրամիության օրակարգում է ռուսական էներգակիրներից փուլային տարբերակով ամբողջությամբ հրաժարվելու հարցը: Վերջնանպատակը՝ զրոյացնել կախվածությունը մինչև 2030 թվականը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
 Ուշադրության կենտրոնում
ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը

ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում

 Բաժնի այլ նյութերը
Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին
---