Որքանո՞վ են լուրջ Իլհամ Ալիեւի սպառնալիքները

«Ռազմատենչ» նախագահին հասկացրեցին, որ նրա խոսքերն այժմ` պատմական այս ժամանակահատվածում, պարզապես տեղին չեն

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում ավարտվեց` ղարաբաղյան կարգավորման մեջ առկա խնդիրներին գումարելով նոր, կարելի է ասել անսպասելի գործընթացներ: Հանդիպումից հետո մեկնաբանների մեծ մասը համամիտ էին, որ ոչ մի նոր բան չպատահեց, հանդիպումն ավարտվեց, ինչպես միշտ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հայտարարությամբ: Բայց արդյո՞ք դա իրականում այդպես է:

PanARMENIAN.Net - Սկսենք այն բանից, որ հանդիպումը, իսկ ավելի ճիշտ` նախօրեն «պղտորվել էր» Ադրբեջանի նախագահի հերթական կտրուկ ռազմատենչ հայտարարություններով: «Մենք կգնանք եւ ուժով կազատագրենք մեր հողերը»,- հնչում էր յուրաքանչյուր հանդիպումից առաջ, բայց դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Այս անգամ հենց այս հայտարարություններից էին միջազգային լրատվամիջոցները սկսել իրենց հաղորդումները Մյունխենից: Կարելի է նույնիսկ ասել, որ նրանք Ալիեւի սպառնալիքները միանգամայն լուրջ էին ընդունել եւ, որպես հետեւանք, հրապարակումների տոնը փոխվել էր: «Ռազմատենչ» նախագահին հասկացրեցին, որ նրա խոսքերն այժմ` պատմական այս ժամանակահատվածում, պարզապես տեղին չեն: Ավելին, դրանք իսկապես կարող են պատերազմ հրահրել, ինչը լավագույն կերպով չի անդրադառնա ոչ միայն տարածաշրջանի վրա, դրա մասին ամենավերջինն են մտախում, այլեւ միջնորդների, այն է` Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ վրա: Եթե անկեղծ խոսենք, ապա Կովկասում պատերազմը շահեկան է միայն Ռուսաստանին, որը մի հարվածով կարող է վերադարձնել կորցրած դիրքերը, անկախ այն բանից, թե ով կհաղթի այդ պատերազմում: Այն բանից, թե ինչպես են սկսել հնչեցնել ադրբեջանական բանակի հնարավոր կորուստների քանակը, ակնհայտ է, որ հակամարտության ռազմական լուծման, իսկ ավելի ճիշտ` Ադրբեջանի եւս մեկ պարտության հնարավորությունը իրական է: Մենք առայժմ չենք ասում, որ այն անխուսափելի է, բայց հակամարտող կողմերը կարող են եւ նման փաստի առջեւ կանգնել: Ինչպե՞ս կվարվի Իլհամ Ալիեւն ու իր շրջապատը, եթե ստացվի ոչ այնպես, ինչպես ինքն է ցանկանում, այլ այնպես, ինչպես պետք է լինի իրականում: Թեեւ օրինակները հենց ձեռքի տակ են. Հեյդար Ալիեւը հաջողությամբ տանուլ տվեց պատերազմը եւ հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնագիր ստորագրեց, այլ ելք չկար: Եւ իր ժողովրդին անմիջապես խոստացավ, որ «կվերադարձնի հողերը»: Չստացվեց, չհասցրեց: Նույնը սպասում է նաեւ նրա որդում:

Թերեւս, Իլհամ Ալիեւի ցանկացած հայտարարություն լուրջ ընդունելու ցանկություն անգամ չկա, եւ առաջին հայացքից տարօրինակ է, թե ինչու են բոլոր շահագրգռված կողմերն այդպես իրար խառնվել: Վաֆա Գուլուզադեի խոսքով, ով բավական երկար ժամանակ է գտնվել Ալիեւների ընտանիքի կողքին եւ շատ լավ ճանաչում է նրանց, իրականում կողմերի դիրքերը նույնն են մնում: «Հայաստանը պնդում է Լեռնային Ղարաբաղի միացման կամ նրա անկախացման հարցում, իսկ Ադրբեջանն այդ քայլին չի գնում: Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ նոր տարրերի, դա այդքան էլ կարեւոր չէ»,- նշել է Գուլուզադեն: Անդրադառնալով բանակցային գործընթացի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերասկսման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների չափազանց կոշտ հայտարարություններին` նա պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովի բառերով, որն ընդգծել է, որ նման հայտարարությունները կիրառվում են զուտ ներքին օգտագործման համար:

Միգուցե եւ այս անգամ հայտարարություններն այնքան էլ ներքին օգտագործման համար չէին, բայց դրանցից օգուտ, միենույն է, չկա եւ չի լինի: Տարածաշրջանում պատերազմը ոչ մեկին պետք չէ, Ադրբեջանին` առավել եւս: Մինչդեռ քչերն են ուշադրություն դարձրել, որ միջազգային լրատվամիջոցների գրեթե բոլոր հրապարակումներում ասվում է, առայժմ քողարկված տեսքով, որ դա իրենց անկախ հռչակած Ղարաբաղի հայերի պատերազմն է, ում մեջքին կանգնած է Հայաստանը: «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմ» տերմինաբանությունն աստիճանաբար զիջում է «Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ բանակցություններին»: Եւ միակ բանը, որն այժմ հարկավոր է` ապահովել հաղորդակցության անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում` ի դեմս ավելի լուրջ սպառնալիքի` ԱՄՆ կողմից «Անկախ Քրդստանի» ենթադրվող ստեղծման: Ահա այդ ժամանակ արդեն իսկապես ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ էլ Սիրիան Ղարաբաղի ու առավել եւս Իլհամ Ալիեւի հոգսերով չեն զբաղվի: Վերջերս Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի միջեւ կնքված պայմանագիրն ուղղված է հենց քրդական պետության ստեղծման դեմ: Այնպես որ համաշխարհային տերությունները դրա մասին են մտածում, այլ ոչ թե «Մինսկի խմբի ջանքերի» մասին, որը լավ, թե վատ կատարում է իր աշխատանքը: Առավել եւս, որ այդ գործունեությունը միջնորդ երկրների համար գրեթե ծախս չի պահանջում: Գումարները սկսում են գետի պես հոսել, երբ հակամարտության ռազմական լուծման տարբերակ կա, ինչպես դա եղավ նախկին Հարավսլավիայի դեպքում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---