Թուրքիան ընտրության առջեւ է թե՞ փակուղում

Ներկայումս Անկարան արդեն այնքան չի հետեւում ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նախկինում, եւ կարող է ցանկացած պահի դադարել լինել նրա հավատարիմ ռազմավարական դաշնակիցը, առավել եւս, որ ԱՄՆ-ին կարող է փոխարինել Ռուսաստանը

Հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, փակուղի են մտել եւ այստեղ իր դերակատարությունն ունեցավ նաեւ Ադրբեջանն իր տատանումներով` Թուրքիայից դեպի Իրանն ու հակառակը: Ազգային ինքնության բացակայությունն անդրադարձավ տարածաշրջանում թաթարների տեղի վրա` մի կողմից նրանք շիաներ են եւ կարծես պետք է հակված լինեն Իրանի կողմը, սակայն մյուս կողմից, նրանք իրենց թուրք են անվանում, նշանակում է նախապատվությունը տալիս են Թուրքիային:

PanARMENIAN.Net - Ամենահետաքրքիրն այն է, որ երկու կողմերը Բաքվին լուրջ չեն ընկալում եւ նա նրանց պետք է միայն որպես տարածաշրջանային տերություն իրենց դիրքերն ամրապնդելու համար: Ընդ որում, այդ դերը Անկարայից եւ Թեհրանից տարբեր կերպ է ընկալվում` Թուրքիան խաղաղապահի տեսք է ընդունում, փորձելով խոսքերի մակարդակով հաշտեցնել անհաշտելին, իսկ Իրանն առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել: Դա ակնհայտորեն երեւում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու երկրների ցանկությունից: Թուրքիայի դիրքորոշումը կախված է Ադրբեջանից, Իրանն այս հարցում առավել ինքնուրույն է: Սակայն արդյո՞ք Անկարան այդ չափ կախված է Բաքվից: Մի բան է հանրության համար արվող հայտարարությունները, այլ բան է` Էրդողանի կառավարության իրական մտադրությունները, որի համար Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հակամարտության կարգավորումից ավելի կարեւոր է, քանի որ նա ոչ մի կապ չունի հակամարտության հետ:

Ճիշտ է, հարկ է նշել, որ վավերացման գործում եւս պաշտոնական Անկարայի հայտարարությունները բխում են ինչ-որ անհասկանալի դրդումներից: Ինչ արժեր միայն Թուրքիայի ԱԳՆ դեմարշը ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ, որն անհասկանալի մնաց գերտերությունների համար, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արձանագրությունների ստորագրմանն, այնպես էլ նախապատրաստմանը: Ըստ «Միլիեթ» թերթի, Թուրքիայիի ԱԳՆ հայտարարությունից հետո թվաց, թե Անկարան դիվանագիտական դիրքորոշմամբ իրեն ուժեղ է համարում: «Սակայն արեւմտյան դիվանագետների հայտարարությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ: Շահագրգիռ կողմերից ոչ մեկը համաձայն չեն, որ Արձանագրությունները ինչ-որ կապ ունեն ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ մասին հստակ եւ կոշտ ասել է նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Շահագրգիռ կողմերը համամիտ են նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ ՀՀ ՍԴ որոշման հարցում, որը դրական է գնահատել այն:

Եվ ի՞նչ է մնում Էրդողանին: Միայն մեղադրել Հայաստանին բանակցությունները ձախողելու համար: Այս քաղաքականությունը նոր չէ Թուրքիայի համար, արդեն շուրջ 200 տարի է, ինչ այն կիրառվում է քիչ թե շատ հաջողությամբ: Սակայն, ամեն ինչ իր ավարտն ունի, ինչը չի տեսնում Անկարան: Կամ տեսնում է, սակայն գերադասում է չնկատել, հուսալով, որ համաշխարհային հանրությունը հերթական անգամ տուրք կտա Թուրքիային: Ճշմարտության որոշ տոկոս նրա այդ վստահության մեջ կա, քանի որ դեռեւս նախադեպ չի եղել:

Ներկայումս Անկարան արդեն այնքան չի հետեւում ԱՄՆ-ի քաղաքականությանն, ինչպես նախկինում, եւ կարող է ցանկացած պահի դադարել լինել նրա հավատարիմ ռազմավարական դաշնակիցը, առավել եւս, որ ԱՄՆ-ին կարող է փոխարինել Ռուսաստանը: Հարցը նրանում է, թե կցանկանա արդյոք Մոսկվան ոչ այնքան բարետես դեր կատարել, առաջ տանելով տարածաշրջանում Թուրքիայի շահերը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Մեծ Թուրանն անցնում է հենց ռուսական տարածքով: Հավանաբար, դա է պատճառը, որ ԱՄՆ-ն մեծ ակտիվություն է ցուցաբերում Արձանագրությունների վավերացման հարցում: Ճիշտ է, եւ Մոսկվայում, եւ Վաշինգտնում հիանալի հասկանում են, որ քանի դեռ Անկարան չի վավերացրել Արձանագրությունները, Երեւանն ոչ մի քայլ չի ձեռնարկի: Կոպիտ ասած, Հայաստանի հանդեպ այժմ ճնշում չկա, նրան թույլ են տալիս հանգիստ նստել եւ սպասել: Եվ հետո մեծ հաշվով ճնշման լծակներ չկան` միեւնույն է տարածքներից հրաժարվելու կամ Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մասին խոսք չկա: Իսկ ԱՄՆ-ն հերթական անգամ կարող է սպառնալ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առիթն էլ հարմար է` Ցեղասպանության 95-րդ տարելիցը: Եվ այս դեպքում բարոյական ոչ մի նկատառումներ քաղաքականության մեջ հաշվի չեն առնվում: Իսկ եթե ԱՄՆ-ն ճանաչի այդ փաստը, ապա շղթայական ռեակցիա կլինի ողջ աշխարհով մեկ եւ Թուրքիայի համար դժվար կլինի հակասել` ինչպես բարոյական, այնպես էլ նյութական առումով: Նրանից, թե Հայաստանն ասում է, որ հատուցում չի պահանջում, միջազգային օրենքներում ոչինչ չի փոխվում` ցեղասպանության համար պատասխանատու երկիրը պարտավոր է փոխհատուցում վճարել տուժածներին եւ նրանց սերունդներին: Ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ Թուրքիան կրակի հետ է խաղում, որը կարող է հրկիզել Աթաթուրքի կառուցած պետությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---