Թուրքիայի նոր գլխացավանքը` Իսրայել և Ուկրաինա՞

Անգամ հարյուր մարդու մեղա գալը ոչ մի ընդհանուր բան չունի մնացած 70 միլիոնի հետ, որոնց համար Հայաստանն ու հայերը համար մեկ թշնամին են

Որքան էլ Թուրքիան հույսեր էր փայփայում, ընդ որում` անհիմն ու արդեն որերորդ տարին անընդմեջ, որ ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության մասին կարելի է մոռանալ գոնե մեկ տարով, այդպես չեղավ: Այս անգամ անհանգստացրեցին Իսրայելը և Ուկրաինան: Այդ էլ տանելի կլիներ, եթե հաշվի չառնեինք մի հանգամանք` այդ երկու երկրները կարծես թե Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցներն ու գործընկերներն են:

PanARMENIAN.Net - Ինչ վերաբերում է Քնեսեթին, ապա Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հավանականությունը գրեթե զրոյի է հավասար: Եվ հարցը ոչ միայն Թուրքիային վնասելու մեջ է, այլ նրանում, որ հրեաների համար գոյություն ունի միայն Հոլոքոստը: Բոլոր մնացած ցեղասպանությունները պարզապես "ողբերգական դեպքեր" են: Նման ռասիզմի պատճառները մի քանիսն են, բայց ամենագլխավորն այն է, որ Իսրայելը ոչ մեկին չի ցանկանում զիջել "դժբախտ ժողովրդի բեռը", քանզի դա որոշակի առավելություններ է տալիս հատուցումների տեսքով: Հատուցումներն, ի դեպ, բավական նշանակալի են. միայն Գերմանիան Հոլոքոստը վերապրածներին մոտ 1 մլրդ եվրո է վճարել: Որոշ հայ փորձագետների տվյալների համաձայն, Թուրքիան Հայաստանին $41 մլրդ է պարտք: Այնպես որ բացի բարոյական կողմից կա նաև զուտ ֆինանսականը, որը ներկայիս ճգնաժամի պայմաններում գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Այն, որ Քնեսեթը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ճշմարտություն է և կասկածի ենթակա չէ: Եթե ստացվի, հարցը պարզապես չի հասնի համապատասխան հանձնաժողովին, իսկ եթե անգամ հասնի, ապա, միևնույնն է, բան դուրս չի գա: Այնպես որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են հանգիստ քնել: Թեև քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, երբեք պետք չէ ասել երբեք: Կարող է հանկարծ իսրայելցի պատգամավորների խիղճը տանջի, և նրանք որոշեն, որ մնացած ժողովուրդները ևս ոչ պակաս վայրենությունների են ենթարկվել, քան հրեաները: Բայց դա անգամ վաղվա խնդիր չէ: Միգուցե եթե Իսրայելի հայ համայնքն ավելի մեծ ու հզոր լիներ, արժեր ինչ-որ հույսեր փայփայել: Ճիշտ է, այստեղ մի հարց է ծագում` արդյոք այդ ճանաչումն այդպես հարկավոր է, եթե հայկական խորհրդարանը չի ճանաչել Հոլոքոստը: Չգիտես ինչու թվում է, որ եթե այդպես լիներ, Երուսաղեմը շատ ավելի վճռական քայլերի կդիմեր: Բայց փաստը մնում է փաստ:

Ուկրաինայի հարցում իրերն այլ կերպ են դասավորվել, առավել ևս, որ Կիևում նոր նախագահ կա, որը Յուշչենկոյի վարչակազմի քաղաքականությանն ուղղակիորեն հակադարձ քաղաքականություն է վարելու: Ստեպան Բանդերային կոչումից զրկելը, Սևծովյան նավատորմի վարձակալության ժամկետի երկարաձգումը, գազի գնի մասին պայմանագիրը` Վիկտոր Յանուկովիչի բոլոր այդ քայլերը խոսում են այն մասին, որ նա շատ ավելի ռուսամետ քաղաքականություն է վարելու` չմոռանալով Ուկրաինայի շահերի մասին: Ուկրաինայում նույնպես բավական մեծ և ուժեղ հայ համայնք կա, որն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ճանաչումը կայանա: Այս դեպքում հայերի շանսերը շատ ավելի մեծ են: Այ եթե Կիևը վճռի դուրս գալ նաև ԳՈՒԱՄ-ից, իսկ ամեն ինչ դրան է տանում, ապա նա այլևս հաշվի չի նստի իր բավական ոչ հուսալի գործընկերների` Միխայիլ Սահակաշվիլիի ու Իլհամ Ալիևի հետ:

Իսկ թուրքական կողմը շարունակելու է պնդել, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է, այլ ոչ թե խորհրդարանների: Նրան կարելի է հասկանալ. եթե որոշումն օրենքի ուժ ունի, ապա դրանով կարելի է դատարան դիմել: Հենց դրանից էլ խուսափում է Թուրքիան, որը չի մոռացել, և ոչ էլ կմոռանա 1919 թվականի տրիբունալը, երբ Թալեաթին ու նրա մեղսակիցներին մահապատժի դատապարտեցին: Այդ առումով ապրիլի 24-ին թուրք մտավորականության որոշ մասի մեկանգամյա ցույցերը հայկական կողմից ցավակցությունից բացի ուրիշ ոչինչ չեն առաջացնում: Անգամ հարյուր մարդու մեղա գալը ոչ մի ընդհանուր բան չունի մնացած 70 միլիոնի հետ, որոնց համար Հայաստանն ու հայերը համար մեկ թշնամին են: Եվ դեռ երկար ժամանակ "ցեղասպանությունը պատմաբանների խնդիրն է" կարգախոսը հնչելու է ամենատարբեր շուրթերից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---