Վերջին 20 տարում Բաքվի քարոզչամեքենան միայն ստել է սովորել

Չգիտես ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարվում, իսկ չէ որ նրանք էլ են Երևանից մեկնում Ստեփանակերտ

Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան կարող է ամեն ինչ շաղկապել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետ, վաղուց արդեն նորություն չէ: Սակայն, երբեմն հանդիպում են այնպիսի «գլուխգործոցներ», որ ուղղակի մեղք կլինի դրանց անտեսելը: Ինչպես միշտ աչքի ընկավ Day.az-ը: Եվ կարևոր չէ, թե որքանով է համապատասխանում իրականությանն այդ պորտալի տարածած տեղեկատվությունը, կարևորը նրանց համար այն է, որ «ագրեսորին արժանին մատուցվի», իսկ խեղճ ու դժբախտ ադրբեջանցի ժողովուրդը ապրում է լուսավոր ապագայի հույսով` Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, որը միջակ որդի և նույնքան միջակ գերագույն հրամանատար է:

PanARMENIAN.Net - Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ Բաքուն հայտարարում է, թե իր համբերությունն ավարտվում է, կան արդեն ավարտվել է, կամ էլի ինչ-որ նման բան: Իսկ առայժմ կարելի է զբաղվել նախընտրած գործով` զեղծարարությամբ, ապատեղեկատվության տարածմամբ` մի խոսքով, այն ամենով, ինչին վերջին 20 տարում սովորել է Բաքվի քարոզչամեքենան: Վերցնենք թեկուզ հետևյալը` իբր թե Եվրասիայի երկրների գծով MTV տնօրեն Մեթյու Գոլդշտեյնը մեկնաբանել է Բաքվում համաշխարհային աստղերի մասնակցությամբ կայանալիք համերգը: Մ.Գոլդշտեյնը, անդրադառնալով սեպտեմբերին Բաքվում համաշխարհային մեծությունների մասնակցությամբ համերգ կազմակերպելու MTV հեռուստաալիքի մտադրությանն, ըստ Day.az-ի, ասել է.«Մենք արդեն նախնական պայմանավորվածություն ունենք, ներդրվել են որոշակի ֆինանսական ռեսուրսներ և թույլտվություն է ստացվել այն անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանում բոլոր նախադրյալներն ու նախապայմանները կան նման համերգ կազմակերպելու համար»: Ասվում է նաև, թե իբր Գոլդշտեյնը հատուկ նշել է, որ Հայաստանում նման համերգի կազմակերպումը հնարավոր չէ քաղաքական նկատառումներով: «Չէ որ ըստ ՄԱԿ-ի բանաձևերի հայկական զորքերը պետք է հեռանան Ադրբեջանի բռնազավթված հողերից, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, նման երկրում մենք չենք կարող համերգ կազմակերպել»,-ասել է նա: Սկսենք նրանից, թե այդ երբվանի՞ց են շոու-բիզնեսի գործիչներն այդքան լավատեղյակ ՄԱԿ-ի բանաձևերին: Սա ասվում է ոչ ամենևին պարոն Գոլդշտեյնին վիրավորելու նպատակով` ուղղակի Արևմուտքում ամեն մեկն իր գործով է զբաղվում և չի փորձում լուծել աշխարհի բոլոր խնդիրները: Սակայն ամենահետաքրքրականը դեռ առջևում է: Ողջ ինտերնետում չգտնվեց Եվրասիայի գծով MTV-ի տնօրեն: Կա Ռուսաստանի, տարբեր երկրների, սակայն Եվրասիայի գծով չկա: Մենք շատ պարտավորված կզգայինք, եթե պարոն Գոլդշտեյնը արձագանքեր և պարզաբաներ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ…

Աստված նրա հետ: Շատ ավելի ծիծաղելի է այն փաստը, երբ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցած 120 մարդ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվում: Ուղղակի հետաքրքիր է, իսկ ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարվում, իսկ չէ որ նրանք էլ են Երևանից մեկնում Ստեփանակերտ: Հասկանալի է, որ Բաքվից դա չես անի` վտանգավոր է:

Ո՞րն է Բաքվի նպատակը` որպեսզի ոչ ոք ԼՂՀ չմեկնի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները հեռանան ազատագրված տարածքներից: Այդ դեպքում Իլհամ Ալիևը կկարողանա հանգիստ ավարտին հասցնել հոր գործն ու լուծել հայկական հարցը Լեռնային Ղարաբաղում: Սակայն, ավաղ, Իլհամ Ալիևի երազանքին վիճակված չէ իրականանալ` նա ստիպված է լինելու բավարարվել նավթադոլարներով, որոնք շատ շուտով կսպառվեն: Ավելորդ չէ հիշեցնել Ադրբեջանին, որ ԽՍՀՄ-ը մի քանի տարում «կերավ» նավթի վաճառքից ստացված 220 մլրդ դոլարը: Եվ փլուզվեց…Պատմության դասերը լավ են նրանց համար, ով դրանք ընկալում է և «զինվում է» դրանցով:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---