«Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի

Ոչ արաբական աշխարհը, որի աջակցությունն այդքան ցանկանում է ստանալ վարչապետ Էրդողանը, ոչ Բալկանները, առավել ևս ոչ Իսրայելը չեն ցանկանում լսել անգամ Օսմանյան կայսրության մասին հիշատակումները

Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից լայնորեն գովազդված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի: Եթե անտեսենք հարաբերությունների լիակատար բացակայությունն Ադրբեջանի հետ, ապա Երևանը համեմատաբար ավելի լավ վիճակում է գտնվում, քան Իրանը, Վրաստանը կամ նույն Թուրքիան: Ավելին, Հայաստանին հաջողվել է նորմալ հարաբերություններ պահպանել գերտերությունների հետ, ինչն ինքնին արդեն շատ կարևոր է: Հայաստանի նման փոքր երկրի համար, որը չունի բնական պաշարներ և ունի խնդրահարույց հարևաններ, շատ դժվար է գոյատևել`մշտապես միջամտելով տարածաշրջանային գործերին, ինչպես դա անում է Թուրքիան:

PanARMENIAN.Net - Բանը նույնիսկ սահմանակից երկրների վրա ճնշում գործադրելու կամ ռազմական գերազանցության հասնելու մեջ չէ`այդ երկուսին էլ հնարավոր է հասնել: Բանը գերակայությունների ընտրության և մութ անցյալով ծանրաբեռնված պատմության մեջ է: Թուրքիայի դեպքում ամեն ինչ բավականին բարդ է`փլուզված Օսմանյան կայսրությունը չար կատակ խաղաց Քեմալ Աթաթուրքի և նրա հետնորդների հետ: Այնպես ստացվեց, որ նախագահի ու վարչապետի բոլոր այժմյան այցերը հարևան երկրներ միտված են հիշեցնելու արաբական աշխարհին և հրեաներին, թե որ պետության կազմում են նրանք ապրել: Եվ այդ առումով Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չի կողմնորոշված: Ըստ իս, ոչ արաբական աշխարհը, որի աջակցությունն այդքան ցանկանում է ստանալ վարչապետ Էրդողանը, ոչ Բալկանները, առավել ևս ոչ Իսրայելը չեն ցանկանում լսել անգամ Օսմանյան կայսրության մասին հիշատակումները, որտեղ նրանք երկրորդ կարգի մարդիկ էին: Արաբներից վատ ապրում էին միայն քրիստոնյաներն ու հրեաները, որոնք այժմ այնքան էլ ապահով չեն զգում իրենց ժամանակակից Թուրքիայում, չնայած իշխող Արդարության ու զարգացման կուսակցության հավաստիացումներին: Եվ այդ ակտիվությունը հաստատ դուր չի գալիս Իրանին, որն օգտվում է Թուրքիայի աջակցությունից իր միջուկային ծրագրում: Սակայն Թուրքիային որպես տարածաշրջանային երկիր Իրանը չի ճանաչի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ այնքան էլ վատ չի, կարող էր ավելի վատ լինել: Բոլոր հարևաններից ամենալավ հարաբերություններն Իրանի հետ են, չնայած տարբեր դավանանքներին: Պետք չէ մոռանալ, որ հայերն ու պարսիկները եկվորներ չեն Հայկական բարձրավանդակում և Մերձավոր Արևելքում, այլ բնիկ ազգություններ են, ինչը չես ասի օսմանների մասին, ում հայրենիքն, ինչպես իրենք են ասում, Ալթայն է: Իրանը Հայաստանի համար միակ ցամաքային ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ, միակ երկիրը կանխատեսելի քաղաքականությամբ: Իրանը, ինչը պակաս կարևոր չէ, նորմալ է վերաբերվում հայ համայնքին, ինչը չես ասի Թուրքիայի մասին, որտեղի Ստամբուլի հայ համայնքը ցանկացած պահի կարող է ուղղակի կոտորվել: Մեծ հաշվով Վրաստանն էլ խնդրահարույց երկիր է, սակայն ոչ այնչափ, որ սահմաններ փակի, կամ, Աստված մի արասցե, խզի դիվանագիտական հարաբերությունները: Հայաստանն այն վիճակում չէ, երբ կարելի է անել ինչ ուզես` հոգ չտանելով հետևանքների համար: Ի դեպ, ցանկացած երկիր, նույնիսկ ամենահզորը, իրավունք չունի այնպիսի քայլեր կատարել, որոնք կարող են հանգեցնել հարաբերությունների անցանկալի վատթարացման հարևանների հետ: Այնուամենայնիվ, հարկ է խոստովանել, որ վրացական ղեկավարությունը կշահեր, եթե ամեն առիթով չխոսեր «ռուսական ֆորպոստի» մասին: Վրացական հռետորությունը Ռուսաստանի հանդեպ գնալով ավելի է ֆարս հիշեցնում և ընկալվում է գրեթե հեգնանքով: Լավագույն դեպքում: Նույնիսկ Թուրքիայի հանդեպ ՀՀ ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք անում է Սահակաշվիլին Մոսկվայի հասցեին:

Սակայն, չմոռանանք Ադրբեջանի մասին: Ճիշտն ասած, Բաքվի քաղաքականության մասին գրելը ձանձրալի է ու անհետաքրքիր, քանի որ բացահայտ հակահայկական քարոզչությունից ու աջ ու ձախ նավթ և գազ վաճառելուց բացի, նրանք այլևս ոչ մի բան չեն անում: Եվ ժամանակ առ ժամանակ սպառնում են «ազատել հողերը»: Համաձայնվեք, մեր հարևանների սթափ քաղաքականության մասին խոսելն ավելորդ է: Դժվար է ապրել խնդրահարույց հարևանների հետ, ինչ կարող ես անել: Դժվար է, բայց կարելի է և Հայաստանը փորձում է դա անել: Յուրաքանչյուրն իր խաղն է վարում տարածաշրջանում` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ԵՄ-ն: Կարևոր է թույլ չտալ որ քեզ «ճզմեն» կամ մինչև վերջ «թափ տան»: Ուղղակի հետաքրքիր է, ինչով է զբաղվելու Ալիևը, երբ նրա էներգառեսուրսների կարիքն այլևս չլինի: Իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա, գուցե ավելի շուտ, քան պատկերացնում է Իլհամ Ալիևը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---