Սուրբ Խաչում կայացած պատարագն ապացուցեց, որ Ստամբուլի հայերը 95 տարում չեն փոխվել

Սեպտեմբերի 19-ի իրադարձության վտանգը նաև նրանում է, որ Թուրքիան կարող է թանգարանի վերածել ևս մի քանի եկեղեցիներ, թույլ տալ ժամերգություն անցկացնել և արդեն մաքուր խղճով շարունակել Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագն ավարտվեց, առաջացնելով բազում հարցեր և, ցավոք, նաև համոզվածություն, որ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքն այդպես էլ խիզախություն կամ սթափ մտածողություն չունեցավ հրաժարվելու համար պատարագից: Ցավոք, որովհետև, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և պատրիարքության հոգևորականությունը դարձան «հանդուրժող Թուրքա» կարգախոսով գովազդված թուրքական շոուի մասնակիցը: Եվ կրկին, ցավոք, նրանք միայնակ չմնացին:

PanARMENIAN.Net - Նախանձելի մազոխիզմով և գրեթե «անսահման հարգանքով» մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաջողությամբ փոխարինեցին թուրքականներին՝ հիացմունքով նկարագրելով հանդիպումները Վանում և պատարագը: Հավանաբար, նրանք անկեղծորեն գտնում էին, որ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները: Ի դեպ, ոչ ոք չի էլ հերքում դա՝ սակայն, ամեն ինչ իր չափն ունի և այստեղ ավելորդ չէր լինի օրինակ վերցնել նույն թուրքական ԶԼՄ-ներից, որոնք սահմանափակվեցին փաստի արձանագրմամբ և գրում էին նույնը, ինչ պատարագից առաջ: Մամուլից հեռու չգնացին նաև Սբ Էջմիածնի որոշ ներկայացուցիչներ: «Հայտարարելով, որ պատարագի մատուցումը Սբ Խաչ եկեղեցում Թուրքիայի հերթական շոուն է, Հայաստանը վերածեց այդ հարցը շահարկումների առարկայի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարդապետ Կոմիտաս Հովնանյանը: Ավելին, վարդապետը սխալ է համարում այն, որ հայերը չմասնակցեցին պատարագին:

Իր մտորումներում վարդապեն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե հենց Հայաստանը հասավ նրան, որ թույլատրվեց պատարագ մատուցել Սբ Խաչ եկեղեցում: Ավելի մեծ անհեթեթություն անհնար է հորինել: Թուրքիան որոշեց, որ այդպես է պետք և արեց դա: Մեծ հաշվով, այդ երկրի կառավարության համար միևնույն է, թե քանի հայ է ներկա եղել արարողությանը՝ 100 թե 10 հազար: Գլխավորն այն է, որ պատարագը տեղի ունեցավ, ինչն Անկարային լրացուցիչ հաղթաթուղթ է տալիս բանակցություններում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, վերջապես: Դա չի կարող չնկատել միայն շատ սահմանափակ մարդը, որի համար աշխարհն ավարտվում է իր տան շեմին: Կրկին, ցավոք, որովհետև, ՀԱԵ սպասավորների մեծամասնության համար այդպես էլ կա: Միակ բանը, ինչին ընդունակ եղավ Մայր Աթոռ Էջմիածինը, պատարագին մասկանցելուց հրաժարվելն էր: Կարելի է ենթադրել, որ դա արվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հրաժարվելուց հետո: Եվ ոչ ոքի չմտահոգեց Թուրքիայի սառը վերաբերմունքն այն գործողությանը, որը լեզուն չի պտտվում պատարագ անվանել: Ստամբուլի հայերը սպասում էին, որ որևէ պաշտոնյա կլինի Անկարայից, սակայն ներկա էր միայն Վանի գավառապետը: Եվ ինչու պիտի ներկա լիներ՝ եկեղեցին վերականգնված է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու աշխարհը գոհ են, կամ ձևացնում են, թե բավարարված են: Էլ ի՞նչ է հարկավոր: Եվ ոչ ոք չհասկացավ, որ դեպի եկեղեցին տանող ճանապարհը սարքված է խաչքարերի բեկորներից, պղծված են եկեղեցականների շիրիմները, իսկ ողջ վանական համալիրը, բացառությամբ եկեղեցու, ավերակ վիճակում է և ոչ ոք այն չի վերականգնելու: Էլ չենք ասում հազարավոր ավերված ու պղծված եկեղեցիների մասին:

Առաջին աշխարհամարտից առաջ Կոստանդնուպոլսի վերջին ղեկավար, եպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանը դեռևս 1913 թվականին զգուշացնում էր իր թեմին օսմանների վտանգավորության ու նենգության մասին: Ավաղ, նրանք չանսացին բանականության ձայնին: Ողբալի հետևանքը հայտնի է՝ 1,5 միլիոն սպանված, կես միլիոն աշխարհով մեկ սփռված հայեր: Իսկ որքանն են բռնի կրոնափոխ արվել, հայտնի չէ: Նրանց ժառանգներն այժմ են միայն խոսում իրենց հայկական արմատների մասին: Իսկ մենք, Հայաստանի բնակիչներս, գրեթե հիացած սկսում ենք խոսել որևէ թուրք գործչի մասին, որ նա իրականում հայ է, ոչ թե թուրք: Ո՞ւմ ենք խաբում և ինչի համար՝ հռետորական հարց է:

Սեպտեմբերի 19-ի իրադարձության վտանգը նաև նրանում է, որ Թուրքիան կարող է թանգարանի վերածել ևս մի քանի եկեղեցիներ, թույլ տալ ժամերգություն անցկացնել և արդեն մաքուր խղճով շարունակել Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը:

Ընդհանրապես հարկավոր է ասել, որ հայերն մինչ այժմ միֆերով են ապրում Թուրքիայի որպես պետության և Ստամբուլի հայ համայնքի վերաբերյալ դատողություններում: Մասնավորապես, համայնքը պատկերացվում է որպես պատանդ թուրք պետության ձեռքում, թեև դա միայն մասամբ է այդպես: Իրականում, Ստամբուլի հայերը այնքան էլ վատ չեն ապրում, կարևորը նրանց համար ընդհանուր օսմանյան զանգվածից չտարբերվելն է: Եվ հարկ է խոստովանել, որ համայնքին, որը նախկինում ղեկավարում էր արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը, իսկ այժմ Արամ Աթեշյանը, դա հաջողվում է: Տրամաբանությունը պարզ է՝ որ աչքի չընկնենք, ոչինչ չի լինի: Ստամբուլի հայերն այդպես էլ չսերտեցին 1915 թվականի դասը և դրա օրինակն է Հրանտ Դինքի սպանությունը, պատրիարքի և համայնքի անդամների հասցեին հնչող սպառնալիքները: Բանը հասնում է նրան, որ «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթն իր հրատարակության էջերին…Այս առնչությամբ հատկանշական են Թուրքիայի խորհրդարանի անդամ, գրող Գրիգոր Զոհրապի խոսքերը, որ նա ասել է 1915թ.ապրիլի լույս 24-ի գիշերը: Երբ նրան ասել են, որ հարկավոր է փախչել, կոտորած է լինելու, նա պատասխանել է. «Ի՞նչ եք ասում: Թուրքերը մեր բարեկամներն են: Երեկ ես նարդի էի խաղում Թալաաթի հետ, նա ինձ կասեր…»: Անցել է 95 տարի և ոչինչ չի փոխվել՝ հայերը նույնքան պարզամիտ են և հավատում են հայտարարությունների, նամակների, բողոքի գործողությունների ազդեցությանը, թուրքերը շարունակում են ermeni milliyet վերացմանն ուղղված քաղաքականությունը: Եվ միշտ է այդպես լինելու, քանի դեռ մենք կունենանք վարդապետ Հովնանյանի նման սպասավորներ և Կոստանդնուպոլսի պատրիարքի նման հովվապետներ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---