Նոր Մերձավոր Արևելքն իր անկայունությամբ ավելի շատ սպառնալիքներ կպարունակի, քան նախկինը

Թունիսում սկսված բողոքի ցույցերը, փոխանցվելով Եգիպտոս, Եմեն, Ալժիր, իսկ հիմա էլ Իրան, բոլորովին էլ տարերային չեն և չեն թելադրվում արաբական աշխարհի ձգտումով դեպի ժողովրդավարություն

Որոշ ժամանակ անց աշխարհը կտեսնի նոր Մերձավոր Արևելքը, որն իր մեջ ավելի շատ սպառնալիքներ կթաքցնի, քան նախկինն իր հին և հիվանդ նախագահներով, կոռուպցիայով և աղքատությամբ: Հավանաբար կլինեն նոր նախագահներ, եթե թույլ տան զինվորականները, բայց կոռուպցիան և աղքատությունն անփոփոխ կլինեն: Դրանք նույնիսկ կարող են աճել այն բանի շնորհիվ, որ նոր կառավարողները պետք է ապահովեն իրենց ծերությունը չնախատեսված պաշտոնանկության դեպքում:

PanARMENIAN.Net - Սակայն, ամեն ինչ սկսենք հերթով: Թունիսում սկսված բողոքի ցույցերը, փոխանցվելով Եգիպտոս, Եմեն, Ալժիր, իսկ հիմա էլ Իրան, բոլորովին էլ տարերային չեն և չեն թելադրվում արաբական աշխարհի ձգտումով դեպի ժողովրդավարություն: Ամեն ինչ ավելի հեշտ է. ԱՄՆ-ին պետք էր ամեն գնով պահել Օմաբայի անհեռատես քաղաքականության պատճառով Մերձավոր Արևելքում երերուն դարձած դիրքերը, որն ավելի լավ բան չգտավ, քան մահմեդական աշխարհի հետ կոկետություն անելը` դավաճանելով իր դաշնակիցներին, առաջին հերթին` Եգիպտոսին և Իսրայելին: Վաշինգտոնում նույնիսկ մոռացել են Ջիմի Քարտերի ճակատագրական սխալը, որը ողջունել էր Իրանի իսլամական հեղափոխությունը: Թե ինչով է դա ավարտվել, ԱՄՆ-ն բոլորից լավ գիտի: Երկրորդ սխալը կապված է Գազայի հատվածում այսպես կոչված ազատ ընտրությունների հետ, որտեղ իշխանության գլուխ բարձրացան իսլամական արմատականները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ: Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է Իրանի, Պակիստանի և Աֆղանստանի օրինակով իսլամացնել արաբական աշխարհը, ապա այդ գործողությունները լիովին հասկանալի են և հստակ մտնում են սխեմայի մեջ: Իսկ եթե ո՞չ: Ահա այստեղ էլ սկսվում են առանց հարցերի պատասխանները: Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ Օբաման, չգիտես ինչու, այդ աշխարհամասում գլխավոր դեմոկրատ է համարում Թուրքիայի վարչապետին և նրա հետ մշտական կապի մեջ է: Իսկ ահա եգիպտական բանակը թույլ չի տա օտար պետությանը խառնվել իր գործերին, և, առաջին հերթին, Թուրքիային:

Եգիպտոսի օրինակով կարելի է տեսնել խնդրի նկատմամբ նման մոտեցման ձախողումը: Վաղուց ոչ մեկին չեն ոգևորում «ազատության, ժողովրդավարության և առաջընթացի» մասին խոսքերը: Ընդհակառակը, դրանք արդարացում են դառնում այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել և ինչ-որ կերպ փոխել իրենց կյանքը և սպասում են «երկնային մանանայի»: Եգիպտոսում իշխանությունը վերցրած զինվորականները դեռ համոզում են ժողովրդին խաղաղ կերպով հեռանալ Թահրիր հրապարակից: Բայց եթե ցուցարարները համառեն, ապա բանակը կսկսի ուժ կիրառել, և այդ ժամանակ կյանքը Մուբարաքի օրոք կթվա եթե ոչ դրախտ, ապա դրան մոտ ինչ-որ բան: Մեկ շաբաթում ոչինչ չի կարող փոխվել. գները չեն նվազի, աշխատատեղերը չեն ավելանա և կոռուպցիան անցյալ չի գնա: Իսկ եթե հաշվի առնել, որ Արևելքում կաշառք տալը գրեթե ազգային ավանդույթ է, ապա արդեն բոլորովին անհասկանալի է, թե ինչ էին ցանկանում «թվիթերային հեղափոխության» հեղինակները: Միաժամանակ, Եգիպտոսի ԶՈւ ղեկավար Մուհամմեդ Հուսեյն Տանտաուին, որը դե ֆակտո երկրի նախագահ է, արդեն սկսել է կոշտ քաղաքականություն վարել` յուրատիպ կերպով հասկանալով «հասարակության ժողովրդականացումը»: Հազիվ թե խորհրդարանի լուծարումը, սահմանադրության գործունեության կասեցումը և ցույցերն արգելելը կարող է այդպիսին համարվել: Սակայն բանակի համար գլխավորը Եգիպտոսի կայունությունն է, խաղաությունը, որը ոչ մի կերպ չեն կարող ապահովել «Մահմեդական եղբայրները»:

Բայց ամենագլխավորը տնտեսությունն է: Եգիպտոսը անկարգությունների հետևանքով զրկվել է գլխավոր եկամուտից` զբոսաշրջությունից: Կորուստները խարխլել են առանց այդ էլ թույլ տնտեսության հիմքերը, և կանցնի առնվազն կես տարի, քանի դեռ զբոսաշրջիկները կվերադառնան Շարմ էլ Շեյխի լողափեր: Արտաքինից եկող օգնությունը կվերցնի բանակն իր կարիքները հոգալու համար` կես միլիոն մարդուն կերակրելը շատ դժվար է: Բացի դրանից, պետք է վերազինվել` ոչ ոք չի կարող Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիք տալ: Հավելենք, որ «Մահմեդական եղբայրները հրաժարվել են մասնակցել երկրի կառավարմանը: Հասկանալի է` ահաբեկչական կազմակերպությունն ընդունակ է միայն անկարգությունների, բայց ոչ մի կերպ` կառավարման: Թվում է, և այստեղ Օբաման ինչ-որ բան սխալ կատարեց` հայտարարելով ահաբեկիչներին քաղբանտարկյալներ…Բայց ամենից շատ տարակուսանք է հարուցում ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ էլ Բարադեին, որին բերեցին և ցանկացան դարձնել գլխավոր ընդդիմադիր: Այսինքն ևս մեկ ձախողված նախագիծ: Եթե բանակն ամեն դեպքում սեպտեմբերին ընտրություններ սկսի, ապա Եգիպտոսի նախագահ կարող է դառնալ Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ամր Մուսան, ինչպե արդեն գրել ենք: Բայց դրան Եգիպտոսը պետք է հասնի` աճող պարտքերով, խորացող աղքատությամբ և նոր ցույցերի ուրվականով: Այդ ամենն արդեն անցյալում է, բայց թվում է` Հոսնի Մուբարաքը պետք է ցուցարարներին ուժով ցրեր անկարգությունների հենց երկրորդ օրը: Հավանաբար դա նրան պետք չէր, ինչպես և իշխանությունը որդուն հանձնելը: Որպես խելացի քաղաքական գործիչ` Մուբարաքը հստակ գիտակցում էր, թե ինչով է սպառնում իշխանությունը ժառանգաբար փոխանցելը:

Իսկ մինչ այդ «Մահմեդական եղբայրները» մտադիր են քաղաքական կուսակցություն ստեղծել: Փետրվարի 15-ին «Մահմեդական եղբայրների» կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլ կարվի, երբ նոր իշխանությունները կհանեն այդ կազմակերպության գործունեության վրայից սահմանափակումը, որն արգելված էր Մուբարաքի օրոք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---