Ականատեսների հիշողություններից. Դանակներով ու կացիններով զինված թուրքերը հարձակվեցին Մարաշի վրա լուսաբացին

Ականատեսների հիշողություններից. Դանակներով ու կացիններով զինված թուրքերը հարձակվեցին Մարաշի վրա լուսաբացին

PanARMENIAN.Net-ը սկսում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հրապարակումները՝ պատմած իրենց կամ նրանց ժառանգների կողմից

Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը սկսում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հրապարակումները, պատմած իրենց կամ նրանց ժառանգների կողմից: Վերապրածների հիշողությունները տրամադրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հավաքագրումը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման համար պայքարի մի մաս: Ադամ Շիֆը կոչ է անում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ականատեսներին ներկայացնել իրենց նախնիների հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին:

PanARMENIAN.Net - Մարի Սամանլյան Փոլադյանի հիշողություններից.

«Իմ տատիկը՝ Մարի Հասեսյանը ամուսնացավ Հարութին (Հարություն) Սամանլյանի հետ, երբ 16 տարեկան էր: Դա Հարութինի երկրորդ ամուսնությունն էր: Նրանք բնակվում էին Մարաշում: Իմ պապի առաջին կինը մահացել էր՝ թողնելով 8-ամյա Սիրանուշին և 7-ամյա Փանոսին: Իսկ նրա երկրորդ կինը՝ իմ տատիկը հարսանիքից մեկ տարի անց արդեն երեխայի էր սպասում:

Մի անգամ, երբ ֆրանսիական բանակն արդեն լքել էր քաղաքը, թուրքական բանակը, զինված դանակներով ու կացիններով, լուսաբացին հարձակվեց քաղաքի վրա: Հայերը դեռ քնած էին: Իմ պապն ու տատը արթնացան աղաղակներից ու անմիջապես հասկացան՝ փրկվելու համար փախչել է հարկավոր: Արթնացնելով երեխաներին՝ նրանք դուրս վազեցին տնից դեպի մոտակա փոքր եկեղեցին՝ հուսալով ապաստան գտնել այնտեղ: Ճանապարհին նրանց գնդակոծեցին թուրք զինվորները: Փոքր Փանոսը սկսեց լալ, երբ վիրավորվեց ոտքից: Հայրը գրկեց նրան և նրանք շարունակեցին փախուստը՝ դեպի եկեղեցի: Հանկարծ տատիկս սաստիկ ցավ զգաց և հասկացավ, որ ուր որ է կկորցնի երեխային:

Հազիվ էին նրանք եկեղեցի հասել, երբ տատիկի մոտ ծծնդաբերություն սկսվեց՝ աղջիկ ծնվեց, որին Զարուհի անվանեցին: Եկեղեցին լի էր մարդկանցով և տատս ու պապս կորցրեցին միմյանց: Այնտեղ էլ տատիկս իմացավ, որ նրա ինը քույրերից երկուսին՝ Լուֆիային ու Գյուլենին ողջ-ողջ այրել են նրանց ամուսինների ու երեխաների հետ: Չգտնելով Հարութինին՝ Մարին գիրկն առավ երեխային՝ նախատելով իր ամուսնու ավագ երեխաներին բռնվել նրա փեշից, և դուրս եկավ եկեղեցուց մյուս մարդկանց հետ:

Նրանք Մարաշից հասան Հալեպ: Ցուրտ էր, ձյուն էր գալիս: Երբ նրանք շատ էին սովածանում, ձյուն էին ուտում: Դա անվերջ մի ճանապարհ էր, բոլորը ծայրահեղ հյուծված էին, Փանոսի վերքը ոչ մի կերպ չէր փակվում: Վերջապես, նրանք հասան Հալեպ, որտեղ միացան այլ հայ գաղթականներին: Հայ քահանան Մարիին ու երեխաներին երեք այլ հայ կանանց ու նրանց երեխաների հետ գնացքով ուղարկեց Դամասկոս, որտեղ նրանք բոլորը հաստատվեցին մի հին տանը:

Որոշ ժամանակ անց, Մարիի ամուսնու երեխաներին տարան որբանոց: Իմ տատիկը լիովին կքել էր ծանր վշտի բեռի տակ: Սակայն, երեք տարի անց, այն տան դուռը, որտեղ ապրում էր Մարին, թակեցին: Հողը փախավ Մարիի ոտքերի տակից, երբ դուռը բացելով, նա տեսավ ամուսնուն: Միայն որոշ ժամանակ անց, երբ Մարին կարողացավ գիտակցել, թե ինչ է կատարվում, պապս պատմեց, որ կորցնելով ընտանիքը եկեղեցում, նա շատ երկար է փնտրել նրան և ի վերջո իմացել էր հարազատներից, որ Մարին երեխաների հետ հասել է Հալեպ:

Մարին ու Հարութինը վերցրել են երեխաներին որբանոցից, որից հետո տեղափոխվել են Բեյրութ, որտեղ էլ ծնվել է իմ հայրս՝ Գևորգը: Մի քանի տարի անց նրանք երկու աղջիկ են ունեցել, որոնց անվանել են իմ տատիկի նահատակված քույրերի պատվին»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---