Քադաֆին սպանված է, պատերազմը շարունակվում է

Լիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին

Ժամանակավոր անցումային խորհրդի (ԺԱԽ) և Մուամար Քադաֆիի միջև դիմակայությունը, թվում է, ավարտվեց: Գնդապետը սպանված է: Միգուցե նրան սպանել են, գուցե նա ինքնասպան է եղել, բայց, ամենայն հավանականությամբ, նրան ուղղակի կրակել են Սիրտ քաղաքում, որն ամբողջությամբ անցել է ապստամբների ձեռքը:

PanARMENIAN.Net - Համաշխարհային գործակալությունները հայտնում են, որ Մուամար Քադաֆին գերի է վերցվել և սպանվել Սիրտ քաղաքը գրոհելու ժամանակ, որի մասին վկայում է ԺԱԽ ղեկավարությունը: ՆԱՏՕ-ի և ապստամբների հրճվանքը հասկանալի է: Սակայն գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով Քադաֆիի մահը լիբիացի ժողովրդին ոչ մի լավ բան չի բերի: «Քադաֆին խորհրդանշական կերպար էր: Նրանից հետո Լիբիայում նոր իշխանությանը դիմակայություններ չեն լինի, դժվարություններ կծագեն արևմտյան ընկերությունների հետ կապված, որոնք ցանկանում են մասնակցել լիբիական նավթի բաժանմանը: Այստեղ, իհարկե, առկա է Արևմուտքի ճնշումը՝ ժողովրդավարական հանրապետություն ստեղծելու համար: Բայց ես կարծում եմ, որ Քադաֆիին վերացնելուց հետո երկրի բաժանման հետ կապված վտանգներ չկան: Սակայն շատ դժվար կլինի, երբ այնտեղ սկսվեն ներքին հակամարտություններ: Եվ «Մահմեդական եղբայրները», իհարկե, նույնպես քնած չեն»,- հայտարարել է նա, գրում է «ԿՊ»-ն:

Լիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին: Նրան կարելի է տարբեր գնահատականներ տալ, անվանել նրան «մոլագար», բռնապետ, խելագար, բայց նա արել է այն, ինչ որ մինչև նա ոչ ոք չի կարողացել անել՝ միավորել է 140 ցեղերը և կլաններն ու ստեղծել միասնական երկիր: Այսօրվա դրությամբ Լիբիան որպես միասնական երկիր դադարել է գոյություն ունենալ, և ՆԱՏՕ-ին միայն մի բան է պահում՝ ճշտել, թե հենց ով է նավթն առաքելու Եվրոպա:

Սակայն նավթը նավթ, բայց Հյուսիսային Աֆրիկան առաջիկա 10 տարիներին խրվել է քաղաքացիական պատերազմների ճահճի մեջ, և դեռ պարզ չէ, թե ինչպես դրանք կավարտվեն: Լիբիայի օրինակն այս դեպքում շատ ուսուցանող է. ՆԱՏՕ-ի ոչ մի պաշտպանություն և ֆինանսական աջակցություն լավ բանի չեն հանգեցնի: Ամենաժամանակակից զենքով լեփ-լեցուն երկրում միշտ կգտնվի հերթական ԺԱԽ-ը և կսկսի հայտարարել այլ ցեղերի նկատմամբ իր առավելությունների մասին: Նույնը սպասվում է մյուս արաբական երկրներին, եթե նրանք ի զորու չլինեն հաղթահարել խռովությունները:Կարելի է նրանց ապստամբներ, ռեժիմի հակառակորդներ անվանել, բայց խռովարարները մնում են խռովարարներ և նրանք միայն մեկ ցանկություն ունեն՝ իշխանություն ունեցողների փոխարեն օգտվել նրանք բարիքներից:

Լիբիայում նորմալ կյանքը դեռ շատ ուշ կվերականգնվի: Կկարողանա՞ն երեկվա գրոհայիններն ապահովել հասարակության անվտանգությունը: Իսկ չէ՞ որ խոշոր քաղաքներում պետք է հաստատել կարգ ու կանոն և ամենակարևորը՝ երկիրը տանել նոր սահմանադրության ընդունման: Ահա վերջինի հետ ավելի բարդ կլինի: Քադաֆիի մահն ուղղալի դադարեցրեց արյունահեղությունը, բայց բնակչությունը չափազանց շատ զենք ունի: Բայց անպայման պետք է հիշել, որ իսլամական ահաբեկիչներն ի դեմս «Մահմեդական եղբայրների» կարող են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել: Եվ առաջին հերթին ԱՄՆ-ը և Եվրոպան: ՆԱՏՕ-ի օգնությունն անհրաժեշտ էր գնդապետի հետ հաշվեհարդար տեսնելու համար, բայց առօրյա կյանքում նրա վրա հենվել չի ստացվում, օրինակները հեռու չեն՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, հիմա նաև Լիբիա: Եվ պետք է արժանին մատուցել հանգուցյալին՝ նա 8 ամիս դիմացավ, իսկ դա քիչ չէ: Իսկ հաջորդը ո՞վ է, Սիրիայի նախագահ Բաշար Ասա՞դը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---