«Սիրիական սեղմօղակ» Իրանի համար

«Սիրիական սեղմօղակ» Իրանի համար

Կարել է հետո ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել երկերեսանիության և երկակի չափանիշների մեջ, սակայն դա իրավիճակը չի փոխի՝ Սիրիայում իշխանության գլուխ կբարձրանա սունիթական ղեկավարություն

2011-ի սկզբին Հյուսիսային Աֆրիկայում սկսված «արաբական գարունը» ոչ մի կերպ չի ցանկանում հանգստանալ և արդեն հասել է Իրանի սահմաններին՝ համաշխարհային հանգստի մեկ այլ «խռովարարի»: Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրքերն ավելի ու ավելի են թեժանում, և Իսրայելն արդեն սպառնում է իրանական միջուկային օբյեկտներին հարվածով, իսկ Իրանն իր հերթին նախազգուշացնում է հնարավոր պատասխանի կամ նույնիսկ կանխիչ հարվածի մասին ինչպես հենց Իսրայելին, այնպես էլ Թուրքիայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) օբյեկտներին: Թուրքիայի վրա հարվածների դեպքում Իրանին պատրաստ է աջակցել տարածաշրջանում նրա միակ դաշնակիցը՝ Սիրիան, որն արդեն խորհրդային արտադրության իր «Սկադ» հրթիռներն ուղորդել է Թուրքիա կողմը:

PanARMENIAN.Net - Միաժամանակ, Սիրիայի գործերն ավելի վատ են, քան Իրանի: Այն գտնվում է միջազգային մեկուսացման մեջ և ենթարկված է տարբեր պատժամիջոցների: Այս տարվա մարտից երկիրը ցնցում են ներքին խժդժությունները՝ ուղղված նախագահ Բաշար Ասաի ռեժիմի դեմ և հրահրվում են արտաքին ուժերի կողմից: Ռեժիմի հակառակորդներն օգտագործում են այն փաստը, որ Ասադների կլանը, ինչպես նաև իշխող վերնախավի մեծ մասը ալավիտների համայնքի անդամներ են (կրոնական ուղղություն, որն ավելի շատ մոտ է շիիզմին), միևնույն ժամանակ երկրի բնակչության շուրջ 75 տոկոսը կազմում են մահմեդական սունիթները:

Ընդհանրապես մերձարևելյան իրադարձություններում կրոնը մեծ դեր է խաղում, և շատ հաճախ մարդկանց թշնամիների և բարեկամների բաժանելը տեղի է ունենում հենց կրոնական պատկանելության հողի վրա: Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ ակտիվ կիրառում է արաբական երկրներում բազմաթիվ շիիթական համայնքները, իսկ Պարսից ծոցի սունիթական միապետներին և Թուրքիային միավորում է շիիթական ընդլայնման վախը և հետևաբար, Իրանի՝ որպես շիիզմի հոգևոր կենտրոնի դիրքերի ամրապնդումը:

Սակայն պետք է նշել, որ այդ գործոնից բացի Թուրքիայի գործողությունները, մասնավորապես նրա կողմից արաբական երկրների հեղափոխություններին ակտիվորեն աջակցելը, կարելի է բացատրել նեոօսմանիզմի քաղաքականությամբ, որն իրականացնում է ներկա թուրքական ղեկավարությունը: Իսկ այդ քաղաքականության համար հիմա տարածաշրջանում շատ բարենպաստ իրավիճակ է՝ ուժեղացող Թուրքիա արաբական աշխարհում և նրա ավանդական առաջնորդ Եգիպտոսում տիրող քաոսի ֆոնին: Միաժամանակ, Թուրքիան հանուն արաբական աշխարհում իր ազդեցության ուժեղացման պատրաստ է զոհաբերել իր վաղեմի դաշնակցի՝ Իսրայելի հետ հարաբերությունները:

Ինչ վերաբերվում է Բաշար Ասադի ռեժիմին, ապա կարելի է ենթադրել, որ Արևմուտքի և նրա հավատարիմ արաբ դաշնակիցների՝ Պարսից ծոցի միապետների համատեղ ճնշման տակ նա երկար չի դիմանա: Իհարկե, կարելի է հետագայում մեղադրել ԱՄՆ-ին և Եվրոպային երկերեսանիության և երկակի չափանիշների մեջ, սակայն դա իրավիճակը չի փոխի՝ Սիրիայում իշխանության գլուխ կբարձրանա սունիթական ղեկավարություն: Միակ հարցը նրանում է, թե կլինեն դրանք «Մահմեդական եղբայրները», թե ավելի արևմտամետ կառավարություն: Սակայն ինչպես ցույց են տալիս արաբական երկրներում հետհեղափոխական իրադարձությունները, իշխանափոխությունը հանգեցնում է արմատական իսլամիստների դիրքերի ամրապնդման, որոնք հավակնում են նրան, որպեսզի իշխանության անցնեն ավելի օրինական մեթոդներով՝ ժողովրդական ընտրությունների ճանապարհով:

Իրանի համար Ասադի ռեժիմի անկումը նշանակում է գրեթե լիովին շրջապատում թշնամի պետությունների կողմից: Արևմուտքից կլինի Թուրքիան և արդեն նոր, ոչ բարեկամական Սիրիան, հյուսիսից՝ թուրքամետ Ադրբեջանը, որը բացահայտորեն հայտարարում է Իրանի հյուսիսային նահագների նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին, հարավից՝ Պարսից ծոցի սունիթական միապետները, իսկ արևելքից՝ ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանը: Տարածաշրջանում Իրանի միակ դաշնակիցը մնում են Լիբանանում «Հեզբոլլահ» շիիթական շարժումը և Իրաքում շիիթների զինված ջոկատները: Միաժամանակ Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերը զգալիորեն կթուլանան՝ չէ որ նա արդեն չի կարող իրանական օգնությունը ստանալ Սիրիայի տարածքով, իսկ ինքը կհայտնվի թշնամական շրջապատում:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լիովին կարող են հրաժարվել Իրանի վրա ռազմական հարվածներից և անցում կատարել տնտեսական պատժամիջոցների և իրանական ընդդիմությանն աջակցելու միջոցով Իրանի լիակատար «պաշարմանը»: Ռազմական հարվածից հրաժարվելու օգտին կլինեն նաև Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման պլանի իրականացման բարդությունը, որոնք ցրված են երկրով մեկ, ինչպես նաև պատասխան հարվածների վտանգը: Բարդ է նույնիսկ պատկերացնել, թե համաշխարհային տնտեսության համար ինչպիսի հետևանքներ կունենա նավթի գների անխուսափելիորեն կտրուկ բարձրացումը նույնիսկ ոչ թե պատերազմի, այլ Պարսից ծոցում իրավիճակի սրման դեպքում:

Պետք չէ մոռանալ այն մասին, որ Վաշինգտոնին, որը զբաղված է Արևելյան Եվրոպայում և Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելով, անհրաժեշտ է «իրանական միջուկային սպառնալիքը»: Հակառակ դեպքում դժվար կլինի պատասխանել Ռուսաստանի կշտամբանքներին և բացատրել համաշխարհային հանրությանը ռուսական սահմանների մոտ ՀՀՊ համակարգերի տեղադրումը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---