Ֆրանսիան ապացուցեց, որ հենց ինքն է ժողովրդավարության օրրանը

Ֆրանսիան ապացուցեց, որ հենց ինքն է ժողովրդավարության օրրանը

Անկարայում, թվում է, այդպես էլ մինչև հիմա ոչինչ չհասկացան և շարունակում են անհասկանալի համառությամբ հերքել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն օրենքներն ընդունելու յուրաքանչյուր պետության իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակն է Վալերի Բոյերը:

PanARMENIAN.Net - Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիան վարվեց այնպես, ինչպես պետք է վարվեր քաղաքակիրթ պետությունը, որը որպես հրամայականներ է հռչակել ազատությունը, հավասարությունը և մարդու իրավունքները:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևի քվեարկությունը դա ապացուցեց հերթական անգամ: Ճիշտ է, պետք է նշել, որ նման օրենք արդեն գոյություն ունի Շվեյցարիայում, և այնտեղ մի քանի տարի առաջ բանտ էին նստեցրել թուրք քաղաքական գործիչ Դոգա Պերինչեկին նրա համար, որ նա հերքել էր Հայոց ցեղասպանությունը: Իսկ նրա որդին՝ Մեհմեդ Պերինչեկը, նույնպես բանտում է, բայց արդեն թուրքական՝ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն ունենալու համար:

2006-ին ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատն արդեն քվեարկեց օրինագծի համար, բայց այնուհետև Թուրքիայի ճնշման տակ նախագահ Շիրակը հարկ համարեց օրինագիծը հետաձգել: Սարկոզիի նախագահության օրոք իրերի դրությունը փոխվեց: WikiLeaks-ի մի քանի սկանդալային բացահայտումներից հետո Սարկոզին որոշեց ամեն դեպքում ընթացք տալ օրինագծին: Ֆրանսիայի նախագահի համար հարցի արժեքն ակհայտ է. վերջնականապես խաչ դնել Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու վրա և ստանալ Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը 2012-ի ընտրություններին: Եվ, իհարկե, հաստատել իրեն որպես Եվրոպայի գլխավոր դեմոկրատ: Պետք է նշել, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչել է դեռ 2001-ին, և Թուրքիայի այժմյան նյարդային հիստերիկան արդարացված չէ: Անկարայում, թվում է, այդպես էլ մինչև հիմա ոչինչ չհասկացան և շարունակում են անհասկանալի համառությամբ հերքել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև յուրաքանչյուր պետության իրավունքն ինքնուրույն ընդունելու այն օրենքները, որոնք նա անհրաժեշտ է համարում: Արդեն ծիծաղելի է, երբ թուրքական խորհրդարանը լրջորեն պատրաստվում է դիտարկել Ֆրանսիայի կողմից «Ալժիրում ցեղասպանության մասին» օրինագիծը:

Ամենահետաքրքիրն այն է, որ ամեն ինչ արդեն եղել է 2001-ին. դեսպանին ետ կանչել և առևտրատնտեսական հարաբերությունների խզում: Թուրքիայի շանտաժի քաղաքականությունն այդ ժամանակ տևեց երկու ամիս, որից հետո Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարգավորվեցին: Նույնը տեղի կունենա նաև հիմա:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումով 1915-ի Հայոց ցեղասպանությունը հավասարեցվեց Հոլոքոսթին, որի հերքման համար Եվրոպայի շատ երկրներում նախատեսվում է քրեական պատիժ: 20-րդ դարի այդ երկու հանցագործությունների միջև հավասարության հակառակորդներն ասում են, որ Հոլոքոսթը ճանաչվել է Նյուրենբերգյան գործընթացում, ինչը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության մասին: Բայց այդպես կարող են դատել միայն պատմությունից շատ հեռու քաղաքական գործիչները: 1919-ին Ստամբուլում կայացել է երիտթուրքերի դատավարությունը, որտեղ նրանք մեղադրվել են հայ ժողովրդին կոտորելու մեջ և դատապարտվել մահապատժի: Եվ արդեն անկարևոր են հայտարարություններն այն մասին, որ «պատմությունը չի որոշվում խորհրդարաններում»: Էրդողանը և նրա կառավարությունն այնքան խոսեցին պատմության մասին, որ ընկան սեփական թակարդը, որից չեն կարող դուրս գալ:

Այս ողջ պատմության մեջ անմասն չմնաց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, որը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևի ընդունման և Անկարայի ու Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար «պատասխանատվությունը» դրեց երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: Եվ հավանաբար պետք է նշել նաև պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, որը չպետք է գործ ունենա Հայոց ցեղասպանության և թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետ: Բոլորովին վերջերս իսրայելցի փորձագետ Ավիգդոր Էսքինը, ում չի կարելի կասկածել Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունքի մեջ, ասել է Բաքվում. «Իսկ ձեր ի՞նչ գործն է Հայոց ցեղասպանությունը: Այս հարցը ձեզ չի վերաբերվում»:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---