Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի

Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի

Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին

Մոսկվայում գրքերի տոնավաճառ է անցկացվում, որի ամբողջ հասույթը կազմակերպիչները փոխանցելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ենթարկվող Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։

PanARMENIAN.Net - Տոնավաճառի մեկնարկից ի վեր արդեն հաջողվել է զգալի գումար հավաքել՝ մոտ 1.5 մլն ռուբլի (ավելի քան 9 մլն դրամ)։ Տոնավաճառը դեռ շարունակվում է և յուրաքանչյուրը կարող է իր ավանդն ունենալ Արցախի վերականգնման գործում։

Տոնավաճառի կազմակերպիչ, Մոսկվայի բնակիչ Արմինե Պողոսյանը PanARMENIAN.Net ին պատմել է, թե ինչպես առաջացավ գաղափարը, որը միավորեց Մոսկվայի ընթերցասերներին և սրտացավ մարդկանց, և ինչպես փոքր գաղափարը լայնածավալ ակցիայի վերաճեց։

Ձեռքերը ծալած չնստել, երբ մարդիկ են զոհվում

Արմինեն պատմում է, որ մանկուց գիրք շատ է սիրում, ամեն օր կարդում է, գրադարան հավաքում, հետաքրքրվում նորույթներով, իր գրքային բլոգն ունի, որտեղ գրքերի մասին կարծիքներ է գրում, նորություններն է ներկայացնում, քննարկումներ կազմակերպում։

«Շատ դժվար է կողքից նայել, երբ կարող ես ինչ-որ կերպ օգնել։ Ես բոլոր ազատ միջոցներս փոխանցում էի «Հայաստան» հիմնադրամին, հետո հասկացա, որ իմ ռեսուրսները չեն բավարարում, իսկ ձեռքերս ծալած նստել չէի ցանկանում։ Սա, հավանաբար, նաև հոգեբանական պահ է՝ ուզում ես օգուտ բերել, անգործ չնստել, երբ մարդիկ են զոհվում և փախստական դառնում»,- ասում է Արմինեն։

Եվ նա որոշեց հաճելին համատեղել օգտակարի հետ և գրքերի հանդեպ իր սերն ուղղել արցախցիներին օգնելու հանրօգուտ գործին։

Եթե բոլորը․․․

«Ես նայեցի գրադարակներիս և հասկացա, որ դրանք արդեն ճկվում են գրքերի ծանրությունից։ Գրքերը շատ-շատ են և բոլորը շատ լավը, և ես կցանկանայի, որ այլ մարդիկ էլ դրանք կարդային։ Մոտ 100 գիրք հավաքեցի, որոնք կցանկանայի նվիրել հիմնադրամի օգտին ինչ-որ նվիրատվության դիմաց, և առաջարկեցի ընկերներիս նույնն անել»,- նշում է Արմինեն։

Ծանոթ հայերի հետ սկզբնական փուլում նրան հաջողվեց 140-150 գիրք հավաքել, որոնք աղջիկները սկզբից սկսեցին վաճառել սոցցանցերում։ Ըստ Արմինեի` ցանկացողները շատ էին, գաղափարը շատ դուր եկավ մարդկանց, գրքերը երկրի տարբեր մասեր ուղարկվեցին, նույնիսկ փոստով։

Հոկտեմբերի 17-ին առաջին փոքր տոնավաճառը կազմակերպվեց՝ Արմինեին և նրա օգնական ընկերներին կես օրով մի փոքր սեղան հատկացրեցին «Պարխոմենկո» գրախանութում, որտեղ աղջիկները դասավորել էին բոլոր եղած գրքերը, այդ թվում` մանկական, և տալիս էին ինչպես նախապես ամրագրվածները, այնպես էլ տեղում գնվածները։ Նրանց հաջողվեց մոտ 150,000 ռուբլի (մոտ 900,000 դրամ) հավաքել։

Երկրորդ տոնավաճառը մեկ շաբաթից էր՝ հոկտեմբերի 24-ին, Տվերսկայա փողոցի սրճարաններից մեկում։ Այս անգամ արդեն նախաձեռնությանը տարբեր մարդիկ միացան՝ իրենց գրքերն էին բերում, լոտերի թվում նույնիսկ գեղարվեստի գործեր կային և նվերի համար նախատեսված կոնյակի գավաթներ։ Ըստ հայկական ավանդույթի, հյուրերի համար փոքր սեղան գցեցին՝ բոլորին շոկոլադով էին հյուրասիրում, որը նույնպես նվիրատվությունների թվում էր։ Ըստ Արմինեի` տոնավաճառի այցելուների, ակտիվ մասնակիցների և բարեգործների թվում ինչպես հայեր կային, այնպես էլ ռուսներ։

Հրաշալի գրքեր, որոնք ցնցում են մարդկանց

«Մարդիկ գրքեր էին բերում իրենց անձնական գրադարաններից՝ մեկը հինգ գիրք էր բերում, մյուսը՝ երեք, մեկն էլ 10 հսկայական փաթեթ բերեց իմ տուն։ Շատ օգնեց «Սլովո» հրատարակչությունը, նրանք 14 տուփ միանգամայն նոր գրքեր ուղարկեցին, «Ռոսմեն» հրատարակչությունը՝ 5 տուփ մանկական նոր գրքեր տրամադրեցին»,- պատմում է Արմինեն։

Նրա խոսքով` որոշ հեղինակներ ևս նվիրեցին իրենց գրքերը։

Երկրորդ տոնավաճառից հասույթը կազմեց ավելի քան 500,000 ռուբլի (3 մլն դրամից ավելի), որը հանգանակվեց ինչպես աճուրդից, այնպես էլ գրքերի վաճառքից։ Բացի այդ, եղան նաև նվիրատվություններ՝ 2 կին ուղղակի գումար էին բերել, քանի որ վստահում էին կազմակերպիչներին։

«Բազում մարդիկ միացան, ես նույնիսկ չէի սպասում։ Բազմաթիվ մարդիկ ցանկացան գրքեր գնել, շատերը ցանկացան նվիրել՝ զանգահարում էին, գրում, տուն էին բերում, առաքիչների միջոցով ուղարկում»,- ասում է Արմինեն։

«Օր կար, երբ ինձ մոտ, հավանաբար, 20 մարդ եկավ գրքերով, և բոլորը նույն բանն էին ասում՝ ուզում են, որ պատերազմը շուտ ավարտվի։ Շատերը ռազմաճակատում մտերիմներ ունեին։ Ինձ Instagram-ում մի տղա էր գրել, վերցրել էր հասցես ՝ նա մոր հետ 10-15 փաթեթ ցնցող ալբոմներ ու արժեքավոր գրքեր բերեց, մի ամբողջ կարողություն, եթե շուկայում վաճառքի հաներ։ 16 տարեկան մի աղջիկ հորեղբոր հետ էր եկել Մերձմոսկովյան շրջանից՝ 2․5 ժամ մեքենայով ճանապարհ էին անցել, որ մի քանի փաթեթ գիրք հասցնեին։ Հետո նա նաև տոնավաճառ էր եկել։ Այս ամենը շատ հուզիչ էր»,- կիսվում է Արմինեն։

Նա ասում է, որ այս օրերին օգնելու պատրաստ բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ է ծանոթացել:

Գերազանցելով նախորդ արդյունքները

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ հերթական տոնավաճառը Scenario café-ում: Այս մեկի մասշտաբներն անսպասելի էին նույնիսկ կազմակերպիչների համար:

Նախաձեռնությանը միացել էին «Սլովո», «Նովոե լիտերատուրնոե օբոզրենիե», Tatlin, «Սամոկատ», Strelka Press, «Ռոսմեն», «Իսկուստվո կինո», «ՄԻՖ», «Բելայա վորոնա» հրատարակչությունները և տասնյակ մարդիկ։ Նախնական հաշվարկով՝ այս տոնավաճառի և վերջին մեկ շաբաթվա աուկցիոնների արդյունքում հավաքվել է ևս առնվազն 800,000 ռուբլի (մոտ 4.9 մլն դրամ)՝ ավելին, քան նախորդ 2 շաբաթում: Արմինեն ասում է, որ այնքան շատ մարդ էր եկել գիրք գնելու, որ անգամ չեն հասցրել բոլորին գրանցել և հաշվել. ավելի քան 400 մարդ գիրք է գնել, իսկ հնարավոր է՝ դրանից էլ ավելի: Գումարը դեռ հավաքվում է, վերջնահաշվարկն արված չէ, իսկ տոնավաճառը հավանաբար շարունակական բնույթ կկրի, միայն թե կազմակերպիչները մի քիչ շունչ քաշեն ու հանգստանան:

«Եվ հիմա ես մտածում եմ` մի՞ թե պետք է սարսափելի ինչ-որ բան պատահեր, որպեսզի մենք ավելի համախմբված, ավելի հանդուրժող դառնայինք և միմյանց օգնության ձեռք մեկնեինք։ Այդ միտքը գլխիցս դուրս չի գալիս։ Ինչո՞ւ նախկինում ես բարեգործական գրքի տոնավաճառներ չէի կազմակերպում։ Չէ որ դա կարող էի նաև խաղաղ ժամանակ անել․․․»,- ասում է Արմինեն։

Ֆոտո՝ Սերգեյ Հակոբյան, Լենա Վայնշտեյն

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան
Դադիվանքի նոր աղոթողների անցյալը
Թիկունքի կամավորների փորձն ու գործը
Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
 Ուշադրության կենտրոնում
Լավրովն ու Այվազյանը խոսել են հունվարի 11-ի հանդիպման պայմանավորվածությունների իրականացումից

Լավրովն ու Այվազյանը խոսել են հունվարի 11-ի հանդիպման պայմանավորվածությունների իրականացումից Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր

 Բաժնի այլ նյութերը
«Քամուն տվեցին հայկական բարոյական արժեքները» Հայ կնոջ մեքսիկական արկածներն ու ապտակի ուժը
Հայ մուրացկանի կես միլիոնն ու քրոջ և պատգամավորի կռիվը Մերի Գուզելյանի կյանքն ու մահը Բոստոնում
Ամեն ինչ ավելի սարսափելի է, քան թվում է Բեյրութահայ ընտանիքը՝ ՀՀ գալու հույսով