Նոր տարին՝ հին խնդիրներով և անորոշ ապագայով

2011-ը նշանավորվեց արաբական աշխարհի կործանումով, որը, չգիտես ինչու, անվանվեց «արաբական գարուն»

Անկարգությունների վերածված ցույցերը և Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում գործող իշխանությունների տապալումը, ինչպես նաև անհանգիստ իրադրությունը Յեմենում, Բահրեյնում և Սիրիայում հանգեցրին նրան, որ արաբական աշխարհի առաջնորդները լրջորեն սկսեցին մտածել ապագայի մասին:

PanARMENIAN.Net - 2011-ին ոչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ոչ հայ-թուրքական հարաբերությունների մեջ ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում և Կազանում չհանգեցրեցին թեկուզ ինչ-որ փաստաթղթի ստորագրման: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ընդհանրապես դոփեց տեղում, և հազիվ թե ֆրանսիացի համանախագահին փոխելն ինչ-որ բան փոխի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակիորեն կապված է գործընթացում ԼՂՀ մասնակցության հետ: Եթե Արցախի Հանրապետության իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, դրանք ավելի շուտ կավարտվեն: Ադրբեջանը, իր հերթին, հիանալի հասկանում է, որ ԼՂՀ-ն տվյալ դեպքում հանդես է գալու որպես անկախ սուբյեկտ, և «լայն ինքնավարության մասին» Իլհամ Ալիևի խոստումները հաշվի չեն առնվելու: Դրանք հիմա էլ լուրջ չեն ընդունվում, բայց հնչում են: Դա, ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ գլխավոր բացթողումներից է: Բայց այն բանի հավանականությունը, որ 2012-ին կլինի «առաջընթաց», գրեթե զրոյական է:

Հայ-թուրքական հարաբերությունները մնացին նախկին մակարդակում: Արձանագրությունների վերադարձը խորհրդարան կարելի է դիտարկել հենց որպես Վաշինգտոնի կողմից ճնշում, որը չի թողել Հայաստանին և Թուրքիայի հաշտեցնելու փորձերը: Ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե ինչպես դա անել, չէ որ Արձանագրությունների վավերացմամբ հարցը չի լուծվի:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում տեղի ունեցավ որակական տեղաշարժ: Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագիծը: Մնում է, որ բանաձևը հաստատվի Սենատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից: Ամենայն հավանականությամբ, դա այդպես էլ կլինի: Իսրայելի Քնեսեթը նաև քննարկել է Իսրայելի Պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 306 բանաձևը Թուրքիայի քրիստոնեական, առաջին հերթին հայկական եկեղեցիներն իրական տերերին վերադարձնելու մասին:

Անցնող տարում սրվեց Թուրքիայի և Իրանի միջև տարածաշրջանային առաջնորդության համար մրցավազքը, բայց առայժմ այդ երկրներից ոչ մեկը չի կարող հպարտանալ ձեռքբերումներով: Հայկական հարցում Թուրքիայի հիստերիան կարող է թանկ նստել Անկարայի վրա, ինչպես և ամեն ինչ «մեծ շեյթանի», այսինքն ԱՄՆ կամքին հակառակ անելու Իրանի համառ ցանկությունը: Բայց գլխավորը, իհարկե, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադարձություններն էին: Անկարգությունների վերածված ցույցերը և Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում գործող իշխանությունների տապալումը, ինչպես նաև անհանգիստ իրադրությունը Յեմենում, Բահրեյնում և Սիրիայում հանգեցրին նրան, որ արաբական աշխարհի առաջնորդները լրջորեն սկսեցին մտածել ապագայի մասին: Առաջին հերթին դա վերաբերվում է Պարսից ծոցի երկրների նավթային միապետերին, որոնք իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում կարող են զրկվել իշխանությունից, նշանակում է՝ նավթից և փողերից:

Եթե «արաբական գարնան» վերջնական նպատակն է վերադառնալ տոհմային հարաբերությունների և քաղաքացիական պատերազմին, ապա կարելի է ասել, որ նպատակին գրեթե հասել են: 350 միլիոն արաբներ մտահոգված են նրանով, թե ինչ վատություն անեն միմյանց, և այդ իրավիճակում Իրանի դերը՝ որպես արաբական սունիթական աշխարհի անկայունության մեջ շահագրգիռ կողմերից մեկի, բարձրանում է: Եվ արաբական աշխարհը, ավելի ճիշտ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան սենսացիոն հայտարարություն է կատարել: Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի համաժողովում թագավորն ասել է. «Ես կոչ եմ անում ձեզ կոոպերացիայի և համագործակցության փուլից անցում կատարել միության փուլի միասնական կառույցի շրջանակներում: Մենք պետք է միասնական և զգույշ լինենք ցանկացած մարտահրավերների առաջ: Մենք պետք է օգնենք արաբական աշխարհի բոլոր եղբայրներին և մենք պետք է թույլ չտանք հակամարտություններ և եղբայրասպանություն: Մենք սովորել ենք պատմության դասերը և գիտենք, որ չի կարելի հանգիստ կանգնել և հետևել փոխվող իրականությանը: Նա, ով զբաղեցրել է կողմնակի դիտորդի կարգավիճակը, արդեն կորած է, և մենք չենք կարող հաշտվել նման սցենարի հետ, հանուն մեր երկրների, մեր ժողովուրդների, մեր կայունության և մեր անվտանգության»: Այսինքն Աբդալլա արքան հանդես է գալիս նոր Արաբական Խալիֆայություն ստեղծելու օգտին Էր Ռիադ մայրաքաղաքով: Այն, որ այդ խալիֆայությունը ոչ մի լավ բան չի բերի աշխարհին, պարզ է արդեն այն պատճառով, որ այնտեղ գլխավոր կրոնը լինի սունիթական իսլամը: Իսկ դրանք ահաբեկչություններ են, սպանություններ և այլ գործողություններ, որոնք չեն ավելացնում հարգանքը երեք հնագույն կրոններից մեկի նկատմամբ:

2012-ին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Եվ թեև որոշ դիտորդներ այդ ընտրությունների հետ կապում են ինչ-որ սպասումներ և փոփոխություններ, ապա իզուր: Գերտերությունների քաղաքականությունը բխում է ոչ թե նախագահի անձից, թեև դա նույնպես նշանակություն ունի, այլ պետության ռազմավարական նպատակներից: Ճիշտ է, Ռուսաստանի հետ ավելի բարդ է, բայց նախագահը հաստատ կլինի Վլադիմիր Պուտինը: «Ժողովրդավարության և ազատության մասին» բոլոր խոսքերն ընդամենը խոսքեր են, Արևմուտքին ռուսական ապստամբությունները պետք չեն, առանց դրանց էլ խնդիրները շատ են:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---