Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական ներուժը լիովին չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում բացվել է Ռուսաստանի ազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկը Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցության հեռանկարային ոլորտների ընդլայնումն է: Ցուցահանդեսում ներկայացված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, սննդի սարքավորումները, էլեկտրոնիկան, սարքավորումների արտադրությունը, գունավոր մետալուրգիան, քիմիական նյութերի արտադրությունը, ֆինանսական (բանկային) ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է քաղաքական եւ ռազմական ոլորտներում, սակայն տնտեսության ոլորտում կողմերի ներուժը լիովին չի օգտագործվում: «Ժամանակն է, որ ձեռներեցները դրդեն քաղաքական գործիչներին ստեղծել բարենպաստ պայմաններ հետագա համագործակցության համար»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը: Ռուսաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի խոսքերով, նոր համագործակցությունը ռուս եւ հայ ձեռներեցների միջեւ կարող է ձեռք բերվել նաեւ ինովացիոն ոլորտում եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ համատեքստում կարեւորվել է Ռուսաստանին փոխանցված «Մարս» գործարանի գործարկումը:



Իր հերթին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում գործում են համատեղ կամ ռուսական կապիտալով 600 ձեռնարկություններ եւ կազմակերպություններ: Վերջին տարիներին ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 400 մլն դոլար: 2005 թվականի 10 ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 274 մլն 465,7 հազար դոլար: Ըստ Տ.Դավթյանի, այս ցուցանիշը մինչեւ տարեվերջ կարող է հասնել 300 մլն դոլարի: Նշենք, որ վաղը Ռուսաստանի ազգային ցուցահանդես կայցելեն Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը եւ Միխաիլ Ֆրադկովը, որը Երեւանում է գտնվում Հայաստանում Ռուսաստանի տարվա պաշտոնական փակմանը մասնակցելու նպատակով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---