Հայաստանը կշարունակի Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի փաթեթը: Գոհունակություն հայտնելով Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակելու փոխգործակցությունը նախատեսված բոլոր, այդ թվում` կառավարման համակարգի, գյուղատնտեսության, ոռոգման համակարգի բարեփոխումների եւ այլ ծրագրերի ուղղությամբ, չնայած որ, ըստ նրա, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը ստիպված է լինելու հրաժարվել որոշ ռիսկային նախագծերից: Տիգրան Սարգսյանը հիշյալ փաթեթում կարեւորել է հատկապես սոցիալական ծրագրերի ու նախագծերի իրականացումը:



Ասադ Ալամն իր հերթին կարեւոր է համարել ՀԲ-ի կողմից տրամադրվող 525մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսումն ու նախատեսված ծրագրերի որակյալ իրականացումը, յուրաքանչյուր ոլորտում հստակ ռազմավարության ապահովումը` դրա հիման վրա ներդրումների ներգրավման նպատակով: Նա նշել է, որ երկու տարի հետո ծրագրերի փաթեթի իրականացման առաջընթացի վերաբերյալ հաշվետվության արդյունքներով հնարավոր կլինի անդրադառնալ նաեւ ՀԲ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորման խնդրին:



Հանդիպման ժամանակ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի «Աղքատության հաղթահարման աջակցության վարկավորում» ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավում» 2009թ. մրցույթում, եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնել հիշյալ ծրագրի իրականացման գործում նշանակալից արդյունքներ արձանագրելու համար սահմանված մրցանակը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---