MoneyGram-ը եւ ՎՏԲ-Հայաստան բանկը համագործակցություն են սկսել

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է դրամային փոխանցումների խոշորագույն միջազգային համակարգերից մեկի` MoneyGram համակարգի հետ համագործակցություն սկսելու մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, 2009թ. սեպտեմբերի 9-ից ի վեր ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր 78 բաժանմունքներում հնարավոր կլինի ստանալ եւ կատարել դրամային փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ` MoneyGram համակարգով:



«Այսօր ՎՏԲ-Հայաստան բանկը իր հաճախորդներին է տրամադրում դրամային փոխանցումների ռուսական եւ հայկական համակարգերի մեծ ընտրություն: Մենք ուրախ ենք համագործակցել MoneyGram-ի հետ եւ վստահ ենք, որ մեր հաճախորդները բարձր են գնահատում տրամադրվող ծառայությունների արագությունն ու որակը»,-ասել է բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արեն Ափիկյանը:



Ինչպես նշել է ՌԴ-ում եւ ԱՊՀ երկրներում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Պյոտր Գնատյուկը, «MoneyGram-ը հնարավորություն է տալիս առավելագույն սեղմ ժամկետում, հուսալի եւ հարմարավետ կերպով դրամ ստանալ եւ փոխանցել աշխարհի ցանկացած կետ: «Մենք հաճույքով ենք համագործակցում ՎՏԲ խմբի հետ Ուկրաինայում, Վրաստանում, իսկ այժմ նաեւ Հայաստանում: Բոլոր երկրներում ՎՏԲ-ն առաջարկում է բարձր չափանիշներ եւ սպասարկման բարձր մակարդակ իր հաճախորդների համար: Մենք ուրախ ենք սատարել Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում եւ աշխարհի այլ երկրնրում գտնվող խոշոր հայ համայնքներին եւ այդպիսով միավորել ընտանիքներ, մերձեցնել հարազատներին ու բարեկամներին այս բարդ ժամանակներում»,-ասել է նա:



MoneyGram համակարգը դրամի ստացման եւ փոխանցման կետերի լայն ցանց ունի` շուրջ 180 000 կետ եւ գործակալություն աշխարհի 190 երկրներում, բոլոր աշխարհամասերում:



Նախօրեին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում որոշվել է հնարավորություն տալ ՎՏԲ-Հայաստան բանկին մասնակցել MoneyGram դրամային փոխանցումների միջազգային համակարգին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---