ՀԲ. Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի առեւտրի ավելացմանն ու տրանսպորտային ծախսերի նվազմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի առեւտրի ավելացմանն ու տրանսպորտային ծախսերի նվազմանը, ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրանսենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը PanARMENIAN.Net ի թղթակցին` մեկնաբանելով միջպետական սահմանի բացման հետեւանքները Հայաստանի տնտեսության վրա: «Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին ազդելով երկրի առեւտրի վրա»,-նշել է նա:



Ըստ Վարուդակիսի, սահմանի բացման արդյունքում երկու երկրներում աստիճանաբար կհաստատվեն ու կաճեն առեւտրային կապերը, քանի որ շուկաներն ավելի հասանելի կդառնան եւ կնվազեն տրանսպորտային ծախսերը:



Քանի որ Հայաստանն այժմ իր ապրանքն արտահանում է Վրաստանի տարածքով (մոտ 2/3 -ը), այդ համատեքստում, ըստ Վարուդակիսի, Թուրքիայի հետ սահմանի բացման հիմնական առավելություններից մեկը կլինի տրանսպորտային ծախսերի նվազումը մինչեւ շուկաներ տարածության կրճատման հաշվին, ինչպես նաեւ բարձր մակարդակի ենթակառուցվածքների օգտագործումը: «Տրանսպորտային ծախսերը տարբեր ուղղություններով կարող են նվազել 10-20 տոկոսով, ինչը կբերի Հայաստանից դեպի Թուրքիա արտահանման ավելացմանը, գտնում է Վարուդակիսը: «Ըստ ԵՄ-ի հետազոտությունների, ներմուծման ծավալի ավելացումը կարճաժամկետ հեռանկարում կկազմի 4,7 տոկոս, իսկ կումուլյատիվ ցուցանիշը հինգ տարում` 13 տոկոս»,-ասել է նա:



«Պատրաստի ապրանքի ավելի էժան ներմուծումը կբերի գնանկման ներքին շուկայում եւ կնպաստի մրցակցությանը` կարեւոր խթան հանդիսանալով հայ բնակչության կյանքի մակարդակի բարձրացման համար»,-ասել է Վարուդակիսը:



Մեկ այլ դրական ազդեցությունը, ըստ Վարուդակիսի, կլինի կիսաֆաբրիկատների գների անկումը, ինչը կնպաստի արտահանման ընդլայնմանը:



«Սակայն, չնայած որոշակի շահավետությանը, որոշ հայկական ձեռնարկություններ, որ գործում են տեղական շուկայում, կարճաժամկետ հեռանկարում կոշտ մրցակցություն կզգան»,-ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---