
29 հունվարի 2010 - 13:01 AMT
PanARMENIAN.Net -
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի հետ քննարկեց ջրային համակարգում կառուցվածքային բարեփոխումների հեռանկարները, ռազմավարական հիմնադրույթները եւ առաջիկա համագործակցության հնարավորությունները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Փոխվարչապետը նշեց, որ ջրային ոլորտի կառավարումն իրականացվում է օտարերկրյա երեք օպերատորների (5 ընկերություններ) միջոցով, որոնք սակագնային տարբեր քաղաքականություն են իրականացնում: Կառավարման գործող պայմանագրերի ավարտից հետո դաշտում միասնական մոտեցում ձեւավորելու խնդիր դրվեց, որը դժվար կլինի իրականացնել սեփական ուժերով: Այս հարցում ակնկալվում է ՀԲ-ի խորհրդատվական աջակցությունը: Ընդգծեց, որ դեռեւս խնդիր է որեւէ օպերատորի կողմից չսպասարկվող 500 համայնքների հարցը:
Արմեն Գեւորգյանը կարեւորեց նաեւ գերնորմատիվային պահանջ ունեցող հողատարածքներում պետության դերակատարության հստակեցումը: Այս ուղղությամբ ՀԲ-ի փորձագետը նախնական ուսումնասիրություն է կատարել եւ համապատասխան եզրակացություն ներկայացրել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին բանկը կհստակեցնի իր մասնակցությունն այս ուղղությամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ Հայաստանում համատիրությունների համակարգի բարեփոխման ուղղությամբ ՀԲ-ի ամփոփ առաջարկությունները կքննարկվեն մարտի 2-րդ տասնօրյակում:
Ընդհանուր առմամբ, քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Համաշխարհային բանկը մինչեւ այս տարվա կեսը կկատարի ուսումնասիրություններ եւ կհստակեցնի իր մոտեցումները:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ Վաշինգտոնում կայացած քննարկումների ժամանակ Համաշխարհային բանկի ղեկավարությունն արձանագրել է Հայաստանի կառավարության հաջողությունները ջրային ոլորտում մասնավոր օպերատորների հետ համագործակցության գործում:
Այդ փորձը ներկայացնելու նպատակով որոշվել է այս տարվա աշնանը Հայաստանում կազմակերպել միջազգային մեծ համաժողով, որին կմասնակցեն տարբեր երկրների պատվիրակությունններ: