10 փետրվարի 2010 - 16:45 AMT
PanARMENIAN.Net -
Nabucco գազատարի նախագիծը չի կարելի անհույս կորած համարել: Հակառակը, դրա իրականացման համար երկրորդ շունչն է բացվում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, Nabucco-ի իրականացման ճանապարհին հիմնական խոչընդոտները ստեղծում է Ռուսաստանը, եւ դա նրան որոշ չափով հաջողվել է: Բայց, այնուամենայնիվ, քաղաքագետը նշեց, որ այդ նախաձեռնության, որում, ինչպես ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը, առանցքային դեր են խաղում Թուրքիան եւ Ադրբեջանը, ձախողման մասին խոսելը վաղ է:
Գնահատելով Կովկասում Ռուսաստանի դերը` քաղաքագետն ասաց, որ պատմականորեն Մոսկվան պատասխանատվություն է կրում այդ տարածաշրջանի համար: «Բայց հարկավոր է նշել, որ Ռուսաստանը վաղուց արդեն մենաշնորհատեր չէ Կովկասում եւ միանձնյա չի լուծում տարածաշրջանի հարցերը»,- հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը` ավելացնելով, որ տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ուժեղացման հետ մեկտեղ նկատվում է ռուսական գործոնի թուլացման միտում: