Սևակ Սարուխանյան. «Հայաստանը ատոմային էներգետիկայի զարգացման այլընտրանք չունի»

Սևակ Սարուխանյան. «Հայաստանը ատոմային էներգետիկայի զարգացման այլընտրանք չունի»

PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ ծրագրում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ, որի հզորությունը մոտավորապես լինելու է 1000 ՄՎտ: Ռուսաստանը մատակարարելու է սարքավորումներ, որը կազմելու է ողջ նախագծի արժեքի 20 տոկոսը: 2012 թ. ծրագրվում է սկսել նոր բլոկի շինարարությունը, որը կարող է տևել 5 տարի:

Այս նախաձեռնությունը մեկնաբանելով, «Էներգետիկների համահայկական ընկերակցության» հասարակական կազմակերպության նախագահ Սլավիկ Սարգսյանը PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար բավական է հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիան: Նրա կարծիքով, հիդրոէլեկտրակայանների արտադրանքն ավելի անվտանգ ու հուսալի է, քան ատոմային էլեկտրակայանինը: Նա նաև նշել է, որ ԱԷԿ-ի արտադրած էներգիան միայն արտահանվելու է և մեր երկիրն ավելի շատ է կախման մեջ լինելու արտաքին շուկայում վաճառքից: «Վրաստանն ու Թուրքիան հազիվ թե գնեն մեզնից էլեկտրաէներգիա, իսկ Իրանն այն կգնի շատ փոքր ծավալով` միայն իր տված գազի փոխարեն», - ասել է կազմակերպության ներկայացուցիչը: Փորձագետի կարծիքով, լավագույն հայ մասնագետները հեռացել են արտասահմանում աշխատելու, և այսօր մեր երկրում ատոմային էներգետիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետներ չկան:

Սլավիկ Սարգսյանի կարծիքով, բացի այն, որ ԱԷԿ-ը ռադիոակտիվ է, այն նաև պատերազմի ծագման դեպքում կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի համար:

«Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանի կարծիքով, Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար է, քանի որ Հայաստանում սակավաթիվ են էլեկտրաէներգիայի այլ աղբյուրները:

Նա միաժամանակ նշել է, որ ռուսական արտադրության ВВЭР-1200 ջրաէներգետիկայի ռեակտորն աշխարհում ամենաանվտանգ ատոմային ռեակտորն է համարվում և ոչնչով չի զիջում Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երկրում արտադրվող ռեակտորներին:

Ռուսաստանն ու Հայաստանը 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրել են միջկառավարական պայմանագիր` Հայաստանում ատոմային էներգաբլոկի և ատոմային էլեկտրակայանների կառուցման գործում համագործակցելու մասին:

Ներկայում գործող Հայաստանի ԱԷԿ-ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում: Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թ.: Այսօր գործում է միայն երկրորդ բլոկը, որի հզորությունը 407,5 ՄՎտ է: Մասնագետների գնահատմամբ, ՀԱԷԿ-ը գործունակ է մինչև 2016թ.:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---