Երևանում քննարկում են Հայաստանում գինեգործության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Ֆրութֆուլ Արմենիա 6-րդ միջազգային համաժողովը, որն ընթացիկ տարում նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ ստեղծելու հնարավորությունն է` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման հաշվին:

Համաժողովի ընթացքում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ աշխարհի ամենահայտնի գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ: Ֆրութֆուլ Արմենիային հրավիրվել են խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից և այլն:

Ելույթ ունենալով Ֆրութֆուլ Արմենիայում` ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը հաղորդեց, որ 1976-80թթ. Հայաստանում եղել է 36.4 հազար հա խաղողի այգի, բայց հետո այդ տարածքը կրճատվել է և 2001-2005թթ. հասել 14.1 հազար հա-ի: Իսկ այժմ խաղողի այգիները զբաղեցնում են 16.5 հազար հա տարածք:

Միաժամանակ նա հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բերքատվությունը գրեթե երկու անգամ աճել է. 2010-ին 1 հեկտարից ստացվել է 149 ց խաղող 1976-80թթ. 74.9 ց փոխարեն: Այդ երևույթը Սամվել Ավետիսյանը բացատրեց ֆերմերների շահագրգռվածությամբ, խաղողի նոր տեսակներով և նոր տեխնոլոգիաներով: Նրա խոսքերով, 2020-ին ենթադրվում է Հայաստանում մեծացնել խաղողի այգիների տարածքը մինչև 33.2 հազար հա, իսկ բերքատվությունը` 1 հա-ից մինչև 160 ց:

Բացի այդ, փոխնախարարը հաղորդեց, որ ընթացիկ տարում սպասվում է խաղողի 250 հազար տ բերք, որից 130 հազար տոննան մթերվելու է, մնացածն իրացվելու է թարմ տեսքով և արտահանվելու է: Նա կարծում է, որ 2010-ին իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի:

Համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ազատ տնտեսական գոտու և սառնարանային համալիրի ծրագրերի շուրջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---