Ամերիաբանկը վկայական է ստացել շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական ռիսկերի կառավարման համար

Ամերիաբանկը վկայական է ստացել շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական ռիսկերի կառավարման համար

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն FMO (Nederlandse Finanacierings-Maatschappi j voor ontwikkelingskanden N.V) և DEG (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) զարգացման ֆինանսական այս նշանավոր կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ ավարտին է հասցրել շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ամերիաբանկն առաջիններից է տարածաշրջանում, որ ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ: Այդ կապակցությամբ FMO-ն և DEG-ն շնորհակալական վկայական են շնորհել Ամերիաբանկին և իջեցրել 2009 թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և Ամերիաբանկի միջև կնքված պայմանագրի ներքո Ամերիաբանկի կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը: Համաձայն պայմանագրի` Ամերիաբանկին տրամադրվել է 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկ, որից 20 մլն դոլար նախատեսված է ուղղել ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, իսկ 10 մլն ԱՄՆ դոլար` վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը: Ֆինանսավորման գումարը հավասարաչափ բաշխվել է FMO-ի և DEG-ի միջև: Սա FMO-ի` Հայաստանում ֆինանսավորման առաջին փորձն է:

Ներդնելով շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը` Ամերիաբանկը պարտավորվում է առաջնորդվել իր գործունեությանն առնչվող տեղական և միջազգային բնապահպանական և սոցիալական իրավական ակտերով և կիրառել աշխարհի լավագույն փորձը (ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի, FMO-ի չափանիշները, պահանջները և գործիքները):

2010թ. ապրիլից Ամերիաբանկը սկսել է շրջակա միջավայրի (էկոլոգիական) և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ուսումնասիրությունը, համապատասխան ներքին քաղաքականության, ընթացակարգերի և այլ ակտերի մշակումը, անձնակազմի վերապատրաստումը և համակարգի պիլոտային գործարկումը: 2010 թ. հուլիսին շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգն արդեն ինտեգրված էր և կիրառվում էր Ամերիաբանկի բոլոր ընթացիկ կորպորատիվ վարկավորման և ֆինանսավորման գործառնություններում: Այդ հարցում Ամերիաբանկին աջակցություն են ցուցաբերել միջազգային խորհրդատու FI Konsult s.r.o ընկերությունը (Չեխիայի Հանրապետություն) և FMO-ի Կարողությունների զարգացման ծրագիրը: Ըստ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի` «Ամերիաբանկի համար կայուն զարգացումը բիզնեսի ռացիոնալ կառավարման հիմնական գործոններից մեկն է: Բանկի նպատակն է կառավարել իր գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերը` շրջակա միջավայրին և բանկին առնչվող անձանց վրա ազդեցությունը նվազեցնելու և բաժնետերերին երկարաժամկետ եկամուտներ ապահովելու համար: Բանկի`շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության նպատակն է ստեղծել մոդելներ և մշակույթ` էկոլոգիական և սոցիալական ուղղակի և անուղղակի ազդեցությունը, ռիսկերն ու հնարավորություններն առավել լավ հասկանալու և կառավարելու համար»:

Յուրգեն Ռիգտերինկը` FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրենը նշեց. «Սա առաջին անգամն է, երբ FMO-ն իր գործընկեր DEG հաստատության հետ համատեղ որոշում է կայացրել, որպես խրախուսման միջոց, իջեցնել ֆինանսավորման տոկոսադրույքը: Ամբողջությամբ ինտեգրված լինելով բանկի ռիսկերի կառավարման առօրյա գործառնություններին` համակարգը կնպաստի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ամերիաբանկի կողմից FMO-ի և DEG-ի հետ վարկային պայմանագրի կնքումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում համակարգի ներդրումը իսկապես օրինակելի է: Մեր կազմակերպությունների նպատակն է նոր արժեքներ ստեղծել մեր հաճախորդների համար` կայուն զարգացման միջոցով, ինչի մասին վկայում են վարկային ծրագրի բաղադրյալները` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը և վերականգնվող էներգետիկայի համար նախատեսված միջոցները: Սա իրոք «օրինակելի գործարք» է, որը կփոխի մեր և մեր գործընկերների մոտեցումը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---