Հայ խաղողագործները պետք է միավորվեն` միջազգային շուկաներ նվաճելու համար

Հայ խաղողագործները պետք է միավորվեն` միջազգային շուկաներ նվաճելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի համար խաղողագործության արդյունավետության բարձրացումը տվյալ պահին էական նշանակություն ունի, քանի որ այն երկրի գյուղատնտեսության գլխավոր ուղղություններից մեկն է: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած Fruitfull Armenia համաժողովում ելույթ ունենալով ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Վերջին տարիներին ավելացել են մասնավոր ներդրումները մեծածավալ խաղողագործության մեջ: Մի կողմից դա հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ բարձրացնել խաղողի որակը, սակայն մյուս կողմից` ավելանում է մրցակցությունը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ փոքր տնտեսությունները կորցնում են մրցունակությունը և կանգնում են նոր կոոպերացիաներ ստեղծելու ընտրության առջև, այսինքն` հողերը միավորել, միասնական ծրագրեր մշակել, ներդրումներ իրականացնել», - ասել է վարչապետը:

Նրա խոսքերի համաձայն, փոքր տնտեսությունները կոոպերացիաների մեջ միավորելու համար ՀՀ կառավարությունը նույնպես միջոցառումներ է իրականացնում, իսկ հետագայում ֆինանսական ու տեխնիկական աջակցություն կցուցաբերի այդ տնտեսություններին: «Խաղողագործներն ամեն տարի բախվում են մթերման կազմակերպման խնդրին և բարձրացնում են բազում սոցիալական խնդիրներ: Չնայած, որ ընթացիկ տարում Հայաստանի գյուղատնտեսության բնագավառը անկում է ապրում, սակայն խաղողի ծավալը մեծացել է: Խաղողագործության բնագավառը ենթադրել է տալիս, որ մեզ մոտ պետք է գործի մշակում- իրացում շղթայական կապը, սակայն մենք զգում ենք վերամշակող ձեռնարկությունների պակաս», - ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը ցավով նշել է, որ հայկական գինիները դեռևս իրենց տեղը չեն զբաղեցրել միջազգային շուկայում, և երկրում չկան հայտնի ապրանքանիշեր, որոնք կարողանան մրցել միջազգային ապրանքանիշերի հետ:

Տիգրան Սարգսյանը խաղողագործության զարգացման մեկ այլ կարևորագույն գործոն է անվանել թարմ խաղողի արտահանումը, ինչին կարող է նպաստել ազատ տնտեսական գոտու և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում սառնարանային համակարգի ստեղծումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---