Սյունիքի մարզում կարող է ստեղծվել արդյունաբերական գոտի

Սյունիքի մարզում կարող է ստեղծվել արդյունաբերական գոտի

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում, հնարավոր է, ստեղծվի արդյունաբերական գոտի, որտեղ ձևավորված ձեռնարկությունները կունենան մեկ ընդհանուր նպատակ` բացահայտել այն ներուժը, որն ունի Հայաստանը գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան՝ ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում։

«Մեր ձեռներեցները մաքսային ծառայությունների աշխատանքին վերաբերող մի շարք խնդիրներ բարձրացրեցին այս օրերի ընթացքում, այդ պատճառով մենք հրավիրել ենք Իրանի մաքսային ծառայության ղեկավարին այցելել Հայաստան և հայ գործընկերների հետ քննարկել այդ ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ կարևորելով իրանցի գործընկերների կողմից արված այն առաջարկը, որը ենթադրում է ստեղծել միասնական մաքսային դարպաս։ ՀՀ վարչապետի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները ընդամենը մեկ անգամ են շփվելու մաքսազերծման ընթացքի կազմակերպիչների հետ, որն էլ ենթադրում է, որ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև պետք է ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, հաստատվեն կանոններ, որոնք հասանելի կլինեն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին»,- ասել է ՀՀ վարչապետը։

«Մեր առևտրաշրջանառության ծավալների մեջ Իրանը զբաղեցնում է ընդամենը յոթերորդ տեղը այն պարագայում, երբ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է էապես բարձրացնել այդ ցուցանիշը և կազմակերպել այնպիսի առևտրաշրջանառություն, որ տնտեսապես ավելի ձեռնտու լինի։ Ջանքեր են ներդրվելու նաև տուրիզմի զարգացման առումով։ Այստեղ մեր տուրիստական գործակալությունները անելիքներ ունեն` ներկայացնելու մեր երկրների տուրիստական գրավչությունները»,-նշել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---