Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրեց նոր նախարարին

Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրեց նոր նախարարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին։ «2010 թվականի ցուցանիշները մեզ չգոհացրին, և դրանք էական ազդեցություն թողեց հանրապետության բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների` գյուղմթերքների գների աննախադեպ տատանողականության աճ, գների բարձր մակարդակ։ Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շատ անելիք կա բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից։ Այդ իսկ առումով, կարծում եմ, որ 2011թվականին հաջողություններն առանձնապես անհրաժեշտ են հենց գյուղատնտեսության ոլորտին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի խոսքով` նորանշանակ նախարարին շատերն են ճանաչում, քանի որ նա մշտապես առնչվել է գյուղատնտեսության ոլորտի հետ, ծանոթ է առկա խնդիրներին։ «Ամեն տարի մենք սերտորեն համագործակցել ենք նրա հետ, հատկապես, երբ խոսքը գնում էր մթերումների մասին։ Նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության խոշորագույն վերամշակող ձեռնարկությունը, որն առաջինն արդիականացրեց իր տեխնոլոգիաները։ Հասկանալի է, որ ձեռնարկության հաջողությունների զգալի մասը պայմանավորված է ձեռնարկության ղեկավարության կարողություններով, նրա փորձառությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---