17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում

Ֆրանսիական ընտրական ջղակծկումներ կամ ինչպես կխաղարկվի Սարկոզիի հայկական խաղաքարտը

Ֆրանսիական ընտրական ջղակծկումներ կամ ինչպես կխաղարկվի Սարկոզիի հայկական խաղաքարտը

PanARMENIAN.Net - Այս տարի արդեն գրեթե հեռացող Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին որոշել է առաջին անգամ մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյանը, Սարկոզին խոսքով հանդես կգա Փարիզում` Երևանյան զբոսայգում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ: Նա ողջ Ֆրանսիայի անունից նաև պսակ կդնի Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Առաջին տպավորությունն այս հաղորդագրությունից. Սարկոզին որոշել է հերքել հանրահայտ ասացվածքը` «մահից առաջ օդով չես հագենա» և, այնուամենայնիվ, նվաճել Ֆրանսիայի կես միլիոնի հասնող հայ համայնքի ձայները:

Իրադրության գլխավոր ինտրիգը հետևյալն է. ապրիլի 22-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից երկու օր առաջ, Ֆրանսիայում կայացան նախագահական ընտրություններ: Քվեարկության արդյունքներով` Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլլանդը և գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին: Օլլանդը ունի քվեների 28.4-29.3 տոկոսը, Սարկոզին` 25.5-27:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սարկոզին մեծ հույսեր էր կապում հայ համայնքի ձայների հետ, ինչի համար էլ խաղարկվեց «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը» կոչվող թատերականացված ներկայացումը: Ընդ որում խաղարկվեց ճիշտ 2006 թվականի նույնությամբ, երբ Սարկոզին, այնուամենայնիվ, դարձավ Ֆրանսիայի նախագահ:

2006թ հոկտեմբերի 12 Ֆրանսիայի ԱԺ 106 «կողմ» և 19 «դեմ» ձայներով դարձյալ հաստատեց քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այն ժամանակ ևս օրինագիծը նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Դրանից հետո ևս հաջորդեցին Թուրքիայի և Ադրբեջանի համանման արձագանքներ: Գրեթե նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սարկոզին խոստացել էր իր ընտրվելու դեպքում աջակցել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Որոշ ժամանակ անց, 2007թ մայիսին նա ընտրվեց նախագահ հայ համայնքի ընտրաձայների օգնությամբ ևս: Իսկ 2008-ին Սենատը հետաձգեց 2006-ին ԱԺ կողմից ընդունված օրինագծի դիտարկումը: Օրինագծին կողմ քվեարկեցին 74, դեմ` 196 սենատորներ:

2011թ. աշնանը Սարկոզին, որը զրկվել էր հայ համայնքի համակրանքից, Երևանում սպառնաց Թուրքիային` նախազգուշացնելով, որ եթե Թուրքիան ինքը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան դրա ժխտումը քրեականացնող օրենք կընդունի:

Նման խոստումից հետո Ֆրանսիայի հայ համայնքը կրկին սկսեց զգուշավոր համակրանքով վերաբերվել Սարկոզիին: 2011թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք նախատեսող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հունվարի 23-ին օրինագծին կողմ քվեարկեց Ֆրանսիայի Սենատը:

Թուրքամետ սենատորներն անմիջապես դիմեցին Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Զայրացած Սարկոզին խոստացավ Խորհրդի բացասական որոշման դեպքում բարձրացնել Հոլոքոստի ժխտման մասին օրենքի սահմանադրականության հարցը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական ճանաչեց օրինագիծը: Սարկոզին հանձնարարեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նոր նախագիծ մշակել: Սակայն Ֆրանսիայի Սենատը բառացիորեն մի քանի օր անց բարեհաջող արձակուրդ գնաց, և Սարկոզիի հանձնարարականն այդպես էլ մնաց օդում:

Պարզապես, ի տարբերություն 2006-2007 թվականների, ակս անգամ հայ համայնքը, ըստ երևույթին, կարթը կուլ չտվեց, առավել ևս, որ Սարկոզիի հակառակորդ Ֆրանսուա Օլլանդը վերջերս բազմիցս խոսել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Հավանաբար, Ֆրանսիայի, ինչպես և այլ երկրների հայերը հասկացել են` թեկնածուների նախընտրական խոստումներն այդպես էլ նախընտրական խոստումներ կմնան:

Սակայն Նիկոլյա Սարկոզին որոշել է մինչև վերջ խաղարկել հայկական խաղաքարտը: Այդ իսկ պատճառով էլ իր նախագահության ողջ ժամկետի ընթացքում առաջին անգամ որոշել է մասնակցել Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառմանը: Չէ որ մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, իսկ հայ համայնքը մոտ կես միլիոն է կազմում, ինչը Օլլանդից փոքր-ինչ հետ մնալու պարագայում այնքան էլ քիչ չէ: Եվ ով գիտի, թե ինչպես այս անգամ կխաղարկվի հայկական խաղաքարտը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
12  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---