Ռուբեն Զարգարյան. Բաքուն ԼՂՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու հակաիրավական փորձեր է ձեռնարկում

Ռուբեն Զարգարյան. Բաքուն ԼՂՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու հակաիրավական փորձեր է ձեռնարկում

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական «կլոր սեղան»` «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում», հաղորդում է ԼՂՀ մամուլի ծառայությունը: Միջոցառման նպատակն էր` ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը` «Լեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում և Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ» զեկուցմամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռ. Զարգարյանի ելույթի թեման վերաբերում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցերին, Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությանը, ԼՂՀ միջազգային-իրավական դիրքորոշմանը:

Զեկուցողը նշել է, որ ԼՂՀ յոթ վերաինտեգրված շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է դիտարկել իբրև անընդունելի և ոչ տեղին, որոնք խոչընդոտում են ԼՂՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, ագրեսիան վերսկսելու` Բաքվի վարչախմբի հարաճուն սպասռնալիքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի սահմանային ռազմական սադրանքների աճը կարող են իբրև դաս ծառայել այն իմաստով, որ միայն ու միայն բանակցությունները բավարար չեն խաղաղության ապահովման և կարգավորման համար և անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել միջազգային իրավունքին:

«Բաքվի վարչախումբը ցուցադրաբար անտեսում է միջազգային իրավունքը, ձեռնարկում հակաիրավական քայլեր, որպեսզի կասկածի տակ դրվեն ԼՂՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակիրթ և հաստատուն կարգավորումը պետք է հիմնվի հետևյալ 5 սկզբունքների վրա. ԼՂՀ կարգավիճակի որոշում` որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունք, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության լիակատար ճանաչում, ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության անկախության փոխադարձ ճանաչում, Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնում, վեճերի խաղաղ լուծում և ուժ կամ ուժի սպառնալիքի չգործադրում:

Զեկուցման մեջ ընդգծվել է` անհրաժեշտ է ի վերջո ԼՂՀ անկախությունը ճանաչել որպես մի գործոն, որով պայմանավորված են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլև Արևելելամիջերկրածովյան Նեոբյուզանդական քաղաքակրթության տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

«Կլոր սեղանի» աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ և լրագրողներ, կարդացվել է 13 զեկուցում, մասնակիցներից շատերը ելույթներով հանդես են եկել բանավեճերի ժամանակ: Համաժողովում ներկայացվել են ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտներ և վերլուծական կենտրոններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---