Սամվել Նիկոյան. ԱՊՀ ՄԽՎ-ն դարձավ այն ասպարեզը, որտեղ հնարավոր եղավ փոխգործակցել

Սամվել Նիկոյան. ԱՊՀ ՄԽՎ-ն դարձավ այն ասպարեզը, որտեղ հնարավոր եղավ փոխգործակցել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրեց այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում:

Մասնավորապես նշվեց, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: Նիստի ընթացքում ելույթներ ունեցան մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր, ՍԾՏՀ ՄԽՎ փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաեւ ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 22-24-ը Երեւանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հոբելյանական նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ելույթում մասնավորապես ասվում է. «Պատմական եւ ժամանակային առումով քսանամյակը մեծ ժամկետ չէ, սակայն մեր երկրների եւ ժողովուրդների, Անկախ Պետությունների Համագործակցության համար ընդհանրապես այն նշանակալից ժամանակահատված է: Դեռեւս 20 տարի առաջ նոր կազմավորվող բոլոր անկախ պետությունների համար խիստ հրատապ եւ ընդհանրական խնդիր էր ազգային որակական մի նոր օրենսդրական-իրավական համակարգի ստեղծումը: Հենց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ այն ասպարեզը, որտեղ, համատեղելով ընդհանուր հնարավորություններն ու ներուժը, մենք կարողացանք արդյունավետ կերպով փոխգործակցել եւ համակարգված լուծել ծառացած խնդիրները:

Բացի այդ` ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում մոդելային փաստաթղթերի նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի շնորհիվ օրենսդրական պրոֆեսիոնալ գործունեության մեծ փորձ կուտակվեց: Բացի դրանից` համատեղ աշխատանքը, հաճախակի հանդիպումները, գործընկերների անընդհատ շփումերը նաեւ նպաստեցին Համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը, միջխորհրդարանական լայնածավալ գործունեության կազմակերպմանը»:

«Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ Վեհաժողովը դեռեւս իր աշխատանքները հետագայում կատարելագործելու մեծ ներուժ ունի: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից եւ Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը նոր բովանդակություն հաղորդել»,-ասել է ԱԺ խոսնակն իր ելույթում:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-17-ը, Սանկտ Պետերբուրգում:

ՄԽՎ խորհրդի որոշմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պարգեւատրվեց «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե մեդալով: ՀՀ խորհրդարանի ղեկավարին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով շնորհվեց նաեւ «Ղազախստան. անկախության քսան տարի» մեդալ:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ներկա դրությամբ ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Կողմերը կարեւոր համարեցին երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ եղավ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ:

Միջխորհրդարանական կապերի նշանակության եւ դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---