Մինչև տարեվերջ Երևանում կարող է բացվել օնկոլոգիական հիվանդությունների բուժման նոր կենտրոն

Մինչև տարեվերջ Երևանում կարող է բացվել օնկոլոգիական հիվանդությունների բուժման նոր կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև համագործակցության շրջանակներում Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ԱՄՀ տնօրեն Արման Խաչատուրյանը և բելգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

«Այսօր մեզ համար կարևոր օր է` երազանքի սկիզբ, որը թույլ կտա Հայաստան բերել ժամանակակից տեխնելեգիաներ»,-ասել է բելգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

Իր հերթին Արամ Խաչատուրյանը հավելել է, որ նման կենտրոնի ստեղծման ծրագիրը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հիմք կդնի այս ոլորտում գիտահետազոտական աշխատանքների: «Հուսով եմ, որ առաջին հիմնաքարը կդրվի հուլիսին, իսկ մինչև տարեվերջ, կենտրոնը պատրաստ կլինի»,-ընդգծել է նա: Ըստ նրա, շինարարության առաջին փուլը գնահատվել է 30 մլն եվրո: «Կենտրոնը կդառնա տարածաշրջանային և իր ստանդարտներով չի զիջի միջազգային կենտրոններին»,-հավելել է Խաչատուրյանը:

Կենտրոնի համալիրը ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, և կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում և Թայլանդում: Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրորք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը և մահացությունների նվազմանը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ և կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Կենտրոնը գործելու է Երևանի Ա. Ի. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտում և այնտեղ աշխատելու են տեղի մասնագետները:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---