ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը նշվել է նամականիշով ծրարի մարմամբ

ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը նշվել է նամականիշով ծրարի մարմամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին առաջին անգամ մարվեց և «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ կդրվեց նոր փոստային պրոդուկտ` նամականիշով ծրար` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը» թեմայով:

Ինչպես հաղորդում է ազգային փոստային օպերատորի մամուլի ծառայությունը, նամականիշի մարման արարողությունն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի Հանրապետության արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նամականիշով ծրարը փոստային վճարման միջոց է: Այն իրենից ներկայացնում է փոստային ծրար, որի վրա տպված է նամականիշի պատկերը, որը ծրարից զատ վաճառքում չկա: Նամականիշով ծրարներն ընդունված են աշխարհի բոլոր զարգացած փոստային օպերատորների կողմից. փոստային վճարման այս միջոցները նպաստում են փոստային առաքանիների շարժի ակտիվացմանը:

Մինչ այս, «Հայփոստ»-ը մշտապես անդրադարձել է պետական և միջազգային կարևորագույն հոբելյաններին և տարելիցներին` շրջանառության մեջ դնելով նամականիշեր, գեղաթերթիկներ և բացիկներ: Այս շարքն այսուհետ կլրացնեն նամականիշով ծրարները:

Նամականիշով ծրարի դիզայներն է Հարություն Սամուելյանը, այն տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, անվանագինն է 350 դրամ, տպաքանակն է 10 000:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---